Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար
Նմանատիպ
Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար (Հռոմ. 8:10):
Քրիստոսանվեր սիրելի՛ հավատացյալներ,
Աֆրիկյան ցեղախմբերից մեկի սովորության մասին մի գրառման հանդիպեցի վերջերս, որ մտածելու տեղիք տվեց: Ասում են, որ ըստ տվյալ ցեղախմբի սովորության, եթե նրանցից մեկը որևէ վատ արարք է գործում, ապա մյուսները հավաքվում են և մի քանի օր նրան հիշեցնում իր իսկ գործած լավ արարքները՝ համոզելով, որ իրականում ինքը լավն է, դրանով իսկ նրան մղելով բարի արարքների: Այս պրակտիկան նման է Եկեղեցու հայրերի՝ մարդուն սիրելու, սակայն մեղքը ատելու, դատապարտելու խրատին, եթե շեշտը դրվում է ոչ թե անձի, այլ նրա արարքների վրա: Այո, Քրիստոս Աստված սովորեցնում է չդատել մեր եղբորը, քանի որ միայն Ամենատես Աստված է, որ տեսնելով արարքի ոչ միայն արտաքին կողմը, այլև ողջ ներքինը՝ նախադրյալները, մղումները, նպատակը, Միակն է, Ով իրավունք և հնարավորություն ունի արդար դատելու: Իսկ մեզ տրված է մեղքը՝ արարքը տեսնելու, ճանաչելու և դատապարտելու պատգամը, որին հետևելով՝ հետզհետե հրաժարվում ենք մեղանչելուց և դատապարտության ճանապարհով ընթանալուց:
Այսօր հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, սիրելի՛ հավատացյալներ: Խրթին, ծանր, ցավով ու ցասումով լի ժամանակներ են, որոնք սակայն, Ամենակալի թույլտվությամբ, նաև բացահայտում են շատերի հոգու նախկինում մութ ու ծածուկ անկյուններն ու անհասկանալի շարժառիթները, որոնք այսօր ջրի երես են ելնում և անթաքույց կերպով ցույց տալիս իրենց ողջ պարունակությունը: Այսօր մարդ, ազնվությամբ քննելով իր մտքերը, խոսքերն ու գործերը, կարող է ճշգրտությամբ որոշել՝ արդյո՞ք ինքը համապատասխանում է Պողոս առաքյալի առաջարկած բանաձևին, թե ոչ՝ «եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար»: Իսկ եթե Քրիստոս չէ ձեր մեջ, հապա ո՞վ… Հնարավո՞ր է, որ Աստծուց ու աստվածայինից զերծ մարդու հոգին դատարկ մնա: Այս հարցին Քրիստոս Ինքն է պատասխանում կրկին այսօրվա ընթերցվածքներից մեկում՝ ասելով. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում: Այն ժամանակ ասում է. «Դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա». և գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրված ու կարգի բերված: Այն ժամանակ գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթ այլ ոգիներ և մտնում-բնակվում է այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր» (Մտթ. 12:43-45): Այսպիսով՝ Քրիստոս զգուշացնում է, որ եթե հոգին չի լցվում աստվածայինով, ապա անպատճառ գրավվում է մարդկության դարավոր թշնամու կողմից: Սա չի ենթադրում, որ մարդը դիվահարվում է բառիս բուն իմաստով, այլ ինչպես հայրերն են բացատրում՝ հայտնվում է դևերի իշխանության ներքո՝ իրեն պատած կրքերի տեսքով:
«Քրիստոնյան այն մարդն է,- ասում է մի հոգևորական,- որը խոստացել է Աստծուն, Եկեղեցուն և իրեն, որ «բարձրանալու է աստիճանով», և նկատի առնելով այդ աստիճանի բարձրությունը, նա ո՛չ իրավունք, ո՛չ էլ ժամանակ ունի առաջին աստիճանին «նստելու»»: Եվ սա հենց նրա մասին է, սիրելինե՛ր, երբ մարդ զղջումով և ապաշխարությամբ թողություն է ստանում Աստծուց, հոգին մաքրում ՝ մեղքերի մոլախոտից, սակայն փոխարենը բարի սերմեր չի ցանում՝ անփութորեն կարծելով, թե մոլախոտերը կրկին չեն աճի: Սակայն այդպես չի լինում, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև կա՛մ Քրիստոսով ես լի, կա՛մ չարով, կա՛մ Աստծու Աջի ներքո ես, կա՛մ դիվական ազդեցության, ընտրողը դու ես: Եվ այն պարունակությունը, որ կընտրես, քեզ կտանի կա՛մ փրկության, կա՛մ կործանման, երրորդը չկա…
Սա լուրջ խորհրդածելու առիթ է մեզ՝ այսօրվա քրիստոնյաներիս համար, քանի որ ներկայիս հարմարավետության դարաշրջանը, երբ չկան ֆիզիկական հալածանքներ, երբ կարիք չկա կյանքովդ վկայելու հավատքիդ մասին կամ արյամբդ հավատարիմ մնալու Քրիստոսին, լուրջ փորձություն և մարտահրավեր է մեր հոգևոր աչալրջության: Փա՜ռք Տիրոջը՝ այսօր ազատորեն դավանում ենք մեր հավատքը, հոգևոր գիտելիքներ ստանալու տարատեսակ միջոցներ ու հնարավորություններ ունենք, որը հրաշալի է, բայց միևնույն ժամանակ՝ վտանգավոր, եթե կորցնենք հոգու զգոնությունը: Մերօրյա քրիստոնեությունը սպառնում է գործնականից վերածվել տեսականի միայն, կորցնել իր կենդանի ոգին, քանի որ քրիստոնյան ստանում է չափից ավելի գիտելիք համարյա զրոյական փորձի պարագայում: Իսկ գիտելիքի առատությունը ստեղծում է փորձի պատրանք. ստացած ինֆորմացիան չյուրացրած և կրկին ավելացնող մարդուն թվում է, թե ինքը մասնակից է այն ամենին, ինչ ընթերցում, ունկնդրում կամ դիտում է: Սա չարի խորամանկ խաբկանքներից մեկն է, որին այսօր շատերը կուլ են գնում՝ այդպիսով չաճելով հոգևոր կյանքում, փոխարենը աճեցնելով փուչ ու կործանարար մեծամտությունն ու ամբարտավանությունը:
Այս առիթով մի պատմություն հիշեցի, որ լսել եմ կաթոլիկ եկեղեցու սպասավորներից մեկի մասին: Տարեց հոգևորականը մի քանի կիրակի անընդմեջ՝ պատարագին, միևնույն քարոզն է ընթերցում: Նեղսրտած հավատացյալներից մեկը հերթական պատարագի ավարտին մոտենում է նրան ու դժգոհում, որ վերջինս հավանաբար տարիքի պատճառով մոռանում է և արդեն որերորդ անգամ նույն քարոզն է ընթերցում: «Իսկ դուք կատարո՞ւմ եք այն ամենը, ինչ ասվում է քարոզում»,- հարցնում է հոգևորականը: «Ոչ բոլորը»,- շփոթված պատասխանում է հավատացյալը: «Դե ուրեմն կրկին նույն քարոզն եմ կարդալու»,- հետևում է պատասխանը: Սա մի հրաշալի պատմություն է, որ հավասարապես վերաբերում է յուրաքանչյուրիս: Որպեսզի հասկանանք, որ երբ Քրիստոս ասաց, որ անձուկ դուռն ու նեղ ճանապարհն են դեպի կյանք տանում (հմմտ. Մտթ. 7:13, 14), Նա հենց դա նկատի ուներ, այլ ոչ թե՝ կարելի է և ոչինչ չանելով, սեփական ես-ը չճշելով, ճիգ ու ջանք չթափելով, հարմարավետ ու անհոգ կյանք վարելով փրկության արժանանալ: Ո՛չ, սիրելիներ, Տիրոջ յուրաքանչյուր պատվիրանի կատարումը մեզանից մեծ աշխատանք է պահանջում, մեծ զոհողություն, ներքին փոփոխություն: Տեղում դոփելը քրիստոնեության մասին չէ: Որովհետև եթե չես բռնում Քրիստոսի ձեռքն ու Նրա հետ առաջ շարժվում, ապա քեզ կլանում է չարի շրջապտույտը: Եթե Աստծու ամեն օրը չես ապրում սաղմոսի ոգով՝ «քանզի սիրտն իմ քեզ դիմեց, և հայացքն իմ փնտրեց, փնտրեց քո երեսը, Տե՛ր» (26:8), ապա անշուշտ հանդիպելու ես բանսարկուի անթիվ, անհամար խորամանկ դեմքերից մեկին: Եթե փրկությանդ հիմքն այստեղ՝ երկրի վրա չես դնում, ապա հող ես նախապատրաստում կործանմանդ համար, ինչպես որ Սիմեոն Նոր Աստվածաբանն է ասում. «Այն, ինչ մեզ համար չի սկսվել երկրի վրա, չի կարող շարունակվել Հավիտենության մեջ»: Ուստի Երկնային Արքայությանն արդեն այստեղ պիտի ձգտենք, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի այնտեղ արժանանանք այն ժառանգելուն: Հոգևոր սնունդը խելամիտ «չափաբաժնով» ընդունենք: Սովորենք խորհել, յուրացնել մեր լսածն ու ընթերցածը և ապա միայն անցնել հաջորդ չափաբաժնին: Սովորենք տեսականը գործնականի վերածել, հարստացնել մեր հոգևոր փորձառությունը. ոչ միայն գիտենալ, որ օրինակ՝ «Չար զրույցների սովորույթը ճանապարհ է չար գործերի» (Անտոն Անապատական), այլև կյանքում աշխատենք հեռու մնալ չարախոսությունից, զազրախոսությունից կամ բամբասանքից: Ոչ միայն ասել, որ «Լավ է կույր աչքով, քան կույր մտքով» (Եղիշե), այլև քրտնաջան աշխատել հոգևոր տեսողությունը պայծառ պահելու համար: Ոչ միայն համաձայնել, որ «Զղջումը փրկարար փայտ է նավաբեկությունից հետո» (Կյուրեղ Երուսաղեմցի), այլև ազնվությամբ քննել սեփական մեղքերն ու անկեղծ զղջման արտասուքով հաստատել գիտեցածը: Ոչ միայն խորհրդածել հարատև աղոթքի կարևորության մասին, այլև ձգտել դրանով ապրելու և այլն: Այսպես վարվելով՝ կխուսափենք «փարիսեցի» և «օրենսգետ» լինելուց, որ քաջ գիտեին Աստծու Խոսքը, բայց չճանաչեցին Նրա մարդացյալ Որդուն: Այսպես վարվելով՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին կհրավիրենք մեր հոգում բնակվելու և չարին այլևս տեղ չի գտնվի այնտեղ: Ինչպես մեղրով լցված անոթը քաղցր ու մեղրաբույր կլինի, այնպես էլ թող որ ձեր հոգիները Քրիստոսակերպ ու Քրիստոսաբույր լինեն, սիրելի՛ հավատացյալներ, և այնժամ բանսարկուին կմնա միայն ատամները հուսահատությամբ կրճտացնել ու նահանջել, որովհետև ինչպես սուրբ Եփրեմ Ասորին է ասում. «Թող քո շուրթերը միշտ սաղմոսեն, որովհետև Աստծու անվան արտաբերումը փախուստի է մատնում դևերին», և որովհետև խավարը չի կարող գոյատևել այնտեղ, որտեղ կենսատու Լույսն է. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում