Լեռան Քարոզը՝ քրիստոնեական բարոյականության հիմնական դրույթները
Նմանատիպ
Հիսուս ասում է. «Լսել եք՝ ինչ ասվեց. «Աչքի փոխարեն՝ աչք, և ատամի փոխարեն ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ . չարին հակառակ չկանգնել, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու: Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից առնել, երես մի՛ դարձրու. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մատթ. 5.38-42):
Նորկտակարանյան այս խոսքերն հաճախ դառնում են թյուր-ըմբռնման պատճառ, քանզի ակնհայտ է, որ Տիրոջ այս խոսքերն իրենցից ներկայացնում են աստվածային բարոյականության բարձրագույն որակ, որն անմատչելի և անհասկանալի է շատերի համար:
Եվ այս ամենը հաճախ կանգնեցնում է մարդուն փակուղու առջև և նա մտածում է այդ ինչպե՞ս են հարվածում իմ աջ ծնոտին, և ես պետք է ձախս էլ դարձնեմ: Իսկ ոմանք էլ թերևս կնշեն, որ այս տողերում կա հակասություն Ավետարանի մյուս հատվածների հետ: Քանզի հայտնի է, որ Հիսուս Լեռան քարոզից հետո իր ցասումով մերկացրեց հրեական օրենսգետների և փարիսեցիների անարդարությունն ու երեսպաշտությունը, միաժամանակ մարտահրավեր նետելով իշխանության այն ժամանակաշրջանի համակարգին, ինչպես նաև այն գաղափարներին, որոնց վրա խարսխված էր այն:
Դեռ ավելին՝ Ավետարանը երկու անգամ պատմում է, թե ինչպես «Հիսուսը մտավ տաճար և դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մեջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տվեց լումայափոխերի սեղաններն ու աղավնավաճառների աթոռները» (Մատթ. 21.12):
Անշուշտ շատերն այստեղ հակասություն են տեսնում Փրկչի խոսքերի և արարքների միջև, ինչպես նաև մատնանշում, որ Հիսուս Լեռան քարոզում այլ բաների մասին էր խոսում:
Սակայն այս դեպքում կարևոր է նշել, որ Քրիստոսի պատվիրանների իմաստը հասկանալու համար նախևառաջ հարկավոր է հասկանալ ոչ թե ինչի՞ մասին են խոսում այդ պատվիրանները, այլ ինչի՞ մասին չեն դրանք:
Եվ Հիսուս երբևէ կոչ չարեց հանդուրժողականություն չարիքի հանդեպ: Հիսուս կոչ արեց նմանվել մեր Երկնային Հորը, որը նշանակում է մշտապես մնալ մեր հոգևոր բարձունքում և չնմանվել չարին: Իսկ չնմանվել չարին, ամենևին չի նշանակում չպայքարել դրա դեմ:
Այսպիսով Հիսուս պարզապես խոսում էր բարոյական բարձր որակների մասին, որոնք նմանեցնում են մեզ Աստծուն, սակայն Նա երբեք չարգելեց մեզ պայքարել չարի դեմ, այլ՝ պարզապես պատվիրեց, որպեսզի այդ հոգևոր մարտում մենք երբևէ չնմանվենք չարին և չգործենք նրա մեթոդներով , ինչը նշանակում է մշտապես հավատարիմ մնալ մեր հոգևոր, բարոյական արժեքներին, ինչն էլ սրբացնում է մեր պայքարը դարձնելով այն ազնվագույն և աստվածահաճո:
Արմեն Չաքմիշյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում