Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում. Ռազմինֆո (լուսանկարներ)
Նմանատիպ
Այսօր՝ հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում։ Այս մասին գրում է Ռազմինֆո-ն:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների ընթացքում Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հանդիպել է Թուրքիայում Bayraktar TB2 ԱԹՍ-ների դասընթացներ անցած սպայական ու ենթասպայական անձնակազմի հետ։
«Ռազմինֆո»ն արդեն գրել է, որ դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը։
Ընդհանուր առմամբ կառուցվել է ուղղաթիռների և ինքնաթիռների պահպանման համար 8 անգար, կայանատեղիներ, օժանդակ շինություններ, վերակառուցվել է մեկ թռիչքուղի, իսկ 2021թ․ մայիսի 10-ին աերոդրոմի բացման արարողությունը պայմանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցով։
Թեև չենք կարող պնդել, թե վարժանքների ընթացքում երևացող 4 միավոր Բայրաքթար ԱԹՍ-ները մշտական կտեղակայվեն Նախիջևանում, թե ոչ, բայց, այնուամենայնիվ նշենք, որ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանցն, ըստ անհրաժեշտության, օպերատիվ կերպով Ադրբեջանի բանակն այս ԱԹՍ-ները կարող է շահագործել նաև երկրի տարբեր մասերից։
Ավելի վաղ «Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները» հոդվածում նշել էինք, որ Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը։ Պատերազմի ընթացքում այստեղ երևացել է Bayraktar TB2 ԱԹՍ, այս բազային ավելի մանրամասն անդրադարձել էինք «Չկրակված հրթիռներ №3. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»» հոդվածում։
Հաջորդ մշտական տեղակայման վայրը Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան է, որին նույնպես անդրադարձել էինք «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում։ Այս բազան Ադրբեջանին ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային տարիներից, սակայն հենց 2020թ. ընթացքում ու մասնավորապես ամռանը բազայում կատարվել են հիմնովին վերակառուցման աշխատանքներ: Ի տարբերություն Եվլախի՝ այստեղ Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար կառուցվում են ոչ թե նոր անգարներ, այլ հատկացվում են դեռևս խորհրդային տարիներին կառուցված, սակայն հետագայում վերանորոգված ու պաշտպանված անգարներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում