Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
Նմանատիպ
– Հա՛յր, միտքն ինչպե՞ս է իջնում սիրտ:
– Երբ սիրտը ցավում է, միտքն իջնում է այնտեղ: Ինչպե՞ս է ցավում սիրտը: Երբ ես խորհում եմ Աստծու բարի գործերի և սեփական ապերախտության մասին, սիրտս խոցվում է, ցավում, և միտքս ուղղվում է այնտեղ:
– Երբ գլուխս ցավում է, հա՛յր, չեմ կարողանում աղոթել:
– Եթե ոտքդ ցավում է և այդ պահին դանակով ձեռքդ կտրես, ապա կմոռանաս ոտքի ցավի մասին և ձեռքի մասին կմտածես: Այդպես էլ, երբ գլուխդ է ցավում և չես կարողանում աղոթել, նախ մտածիր սեփական մեղքերի մասին, հետո մարդկանց տառապանքների և այնժամ սիրտդ կսկսի ցավել: Սրտի ցավը չեզոքացնում է գլխացավը, և դու սկսում ես սրտաբուխ աղոթել քեզ և ողջ աշխարհի համար:
– Իսկ ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի միտքն այս ու այն կողմ չսավառնի:
– Դժվար է միտքը սանձել, երբ այն լույսի արագությունից էլ արագ է սուրում: Պետք է նրա «ձեռքը բռնել» և տանել տառապյալների, հիվանդների, լքյալների, հանգուցյալների մոտ: Այդժամ այդ ամենը տեսնող միտքը թակում է սրտի դուռն ու այն, որքան էլ կարծր չլինի, կակղում է, և աղոթքը դառնում է սրտագին: Այնուհետև մարդն արցունքն աչքերին, Աստծուց օգնություն է խնդրում: Բայց եթե մարդ մտածում է այդ ամենի մասին և չի ապրումակցում՝ ո՛չ մարդկային վշտերն են նրան հուզում, ո՛չ դատապարտյալ ննջեցյալների տանջանքները, ո՛չ նրանց հոգու տառապանքը, ապա նշանակում է, որ նման մարդն ամեն ինչ առատորեն ունի, ապրում է հղփության մեջ, և մարմնական իմաստակությունն ու հին մարդը շատ ուժեղ են նրա մեջ:
– Հա՛յր, միտքս պատարագի ժամանակ հաճախ ուղղվում է ոչ թե դեպի երկնայինը, այլ դեպի մարդկանց տառապանքը:
– Մեկը կապված է մյուսին: Հարցն այն չէ, որպեսզի ուղղակի աղոթք ասես կամ միայն խորհուրդներից ազատ միտք ունենաս, այլ հարկավոր է, որ «փոքրիկ շարժիչը» աշխատի, որպեսզի սիրտն ապրումակցի այն ամենին, ինչի համար աղոթում ես:
– Երբ հնազանդությունից հետո իմ խուցն եմ վերադառնում, փորձում եմ ուղեղս կենտրոնացնել, ազատել աշխատանքի մասին մտքերից և տարբեր պատկերներից, սակայն ծանրություն ու լարվածություն եմ զգում գլխումս:
– Պետք է ասել «կենտրոնացնել միտքս»: Սակայն դու ճիշտ ասացիր «կենտրոնացնել ուղեղս», որովհետև դու գլխով ես աղոթում: Երբ մարդ աղոթում է գլխով, բնական է, որ ուղեղը լարվում է և գլուխը՝ ցավում: Նույնը տեսնում եմ նաև մյուսների մոտ՝ որևէ հոգեշահ բանով են զբաղված, օրինակ՝ ինչ-որ հոգեշահ գիրք են կարդում և աշխատում են ոչ թե մտքով, այլ ուղեղով, իսկ հետո գլուխը ցավում է: Այնպես, ինչպես նրանք, ովքեր մեքենայնորեն են վերաբերվում սրտի աղոթքին*, և ապա սիրտը ցավում է: Երբ ես ուզում եմ աղոթել և ջանում եմ կենտրոնանալ, միտքս պետք է ուղղվի Քրիստոսին: Այդ դեպքում այն չի ցրվում. միանգամից հեռագիր է ուղարկում սրտին, և անմիջապես միավորվում է նրան: Այլ է բանականությամբ աշխատելը, դրա համար էլ հոգնում է: Ինչո՞ւ եմ ասում, որ հարկավոր է ուրիշի ցավը քոնը դարձնել: Միտքը պետք է դառնա դեպի ուրիշի ցավը և այդ ժամանակ աղոթի: Այլապես ինչ-որ մեռած բան է ստացվում: Օրինակ՝ բանականությամբ ասում ես, որ հիվանդներ կան և պետք է աղոթել նրանց համար, սակայն ո՛չ միտքդ, ո՛չ սիրտդ դրանում չեն մասնակցում: Սակայն եթե հենց քո որևէ տեղն է ցավում, ապա միտքդ մշտապես մտածում է դրա մասին: Ուստի եթե ուրիշի ցավը քոնը դարձնես, ապա միտքդ անընդհատ դրանում կլինի:
– Եվ չի՞ շեղվի:
– Կարող է և շեղվել: Դա կախված է նրանից, թե որքան ուժգին է զգում ցավը: Օրինակ՝ տանը, որտեղ հիվանդ կա, որի կույր աղիքն են հեռացրել, հարազատները մի քիչ կնստեն կողքին, կարող են և երգել ու պարել, հետո ամեն մեկն իր գործին գնա: Ուրիշ է, եթե մարդը քաղցկեղ ունի. վիրահատությունից հետո այստեղ մեծ վիշտ է, որի մասին ոչ ոք րոպե անգամ չի մոռանում: Միայն նա կարող է մոռանալ, ով չի հասկանում դրության ողջ լրջությունը: Ես էլ, երբ փոքր էի և մի անգամ ծանր հիվանդ քրոջս, որ համարյա մահամերձ էր, բերեցին տուն, վերցրի հարմոնը, նստեցի նրա կողքին ու սկսեցի նվագել՝ չհասկանալով, թե նա ինչ ծայրահեղ վիճակում է գտնվում:
– Հա՛յր, իսկ մեր ուղեղը մարմնավոր մաս է, իսկ միտքը՝ հոգևո՞ր:
– Այո, ալկոհոլի պես. գլխավորը սպիրտն է, որն այն պարունակում է, դա՛ է ազդում, այլ ոչ թե ջուրը: Այդպես էլ միտքն է, այն է ուղեղի բուն էությունը, լավագույնը, որ մարդն ունի:
– Նշանակում է՝ սիրտը չի աշխատում այն պատճառով, որ մի՛տքը չի աշխատո՞ւմ:
– Իհարկե, թանկագինդ իմ: Նրանում է ողջ ուժը:
– Իսկ գիտակցությունն ամենևին անհրաժեշտ չէ՞:
– Որոշ չափով անհրաժեշտ է. անհրաժեշտ է ասելու համար, որ միտքը պետք է ուղղվի մեկ այլ մարդու ցավին: Միայն այդքանը, իսկ այնուհետև միտքն է սկսում գործել: Մտածել մարդկանց վշտերի մասին, ապրումակցել նրանց և սկսել աղոթել:
* Օրինակ՝ շնչառությունը պահել:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում