Գրիգոր Տատինցյանի «փախուստը» դեպի վառ իրականություն
Նմանատիպ
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է մասնագիտությամբ ռեժիսոր Գրիգոր Տատինցյանի «Փախուստ դեպի իրականություն» խորագրով ինքնատիպ ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հունիսի 30-ը:
«Ցավոք սրտի, Գրիգոր Տատինցյանը վաղաժամ լքեց մեզ: Իր խորհրդով առանձնանում է այս ցուցահանդեսը, որովհետեւ հեղինակը ռեժիսոր է: Հայաստանի նկարիչների միությունը հարթակ է տրամադրում նաեւ նման հետաքրքիր ստեղծագործողներին: Մենք սիրով համագործակցում ենք այսպիսի հեղինակների հետ:
Իսկապես Գրիգոր Տատինցյանի ցուցահանդեսն ինքնատիպ է իր տեսակով: Գործ ունենք հետաքրքիր ռեժիսորի եւ գեղանկարչության ոլորտում ստեղծագործող մարդու յուրահատուկ աշխարհի հետ` մի փոքր ֆանտաստիկա, մի փոքր հեքիաթ, մի փոքր սարկազմ… Ուզում եմ այս համատեքստում հավելել, որ Նկարիչների միությունը շատ է ակտիվացել, եւ միշտ բաց է ստեղծագործողների համար, փորձում է լայն դաշտ եւ լայն հանդիսատես ընդգրկել»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահի տեղակալ Լեւոն Աբրահամյանը:
Հավելենք, որ Գրիգոր Տատինցյանը տարբեր տարիների աշխատել է ՀՀ պետհեռուստատեսությունում, Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսությունում, ՀՀ հեռուստատեսության տարբեր խմբագրություններում, իրականացրել է յուրօրինակ ներկայացումներ, բազմաբնույթ հեղինակային հեռուստածրագրեր, ռեժիսուրա է դասավանդել Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում: Ցավոք, 2021 թվականի մայիսից ապրում է երկնային կյանքով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում