Որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք․ կայունացման ուղին
Նմանատիպ
Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ. 14:27):
Այն, ինչ պատահեց մեզ հետ որպես հանրություն ամիսներ առաջ, փշրեց յուրաքանչյուրիս ապահովության զգացումը․ պատերազմը կոտրեց ապագայի լուսավոր պլաններ, խեղճացրեց վաղվա օրվա հանդեպ հավատը ու լցրեց մեզ անչափելի վախերով։
Մենք վերածվել ենք վախերով առաջնորդվող բազմության։ Իսկ ի՞նչ է անում վախով լցված մարդը կամ հանրույթը․ կռվում է կամ փախչում։ Արդեն ամիսներ շարունակ մենք ականատես ենք լինում հենց այս երկու երևույթներին։ Մենք բաժանվել ենք երկու բևեռների, որոնց միևնույն վախն է առաջնորդում։ Մարդկանց մի մասը ընդհանրապես չի ուզում նայել իրականությանը, կատարվածին, ուզում է ամեն գնով շեղել իրեն, չմտածել, չվերլուծել, չմտահոգվել, չհիշել, որոնում է փախուստի տեղեր ու միջոցներ, իսկ մյուս բևեռը՝ կրկին վախով լցված, հայհոյում է աջ ու ձախ, մեղավորներ փնտրում, չարանում, քարեր շպրտում, ատելության խոսք տարածում, ատում․․․ Սիրո հակառակն ատելությունը չէ, վերջինս ընդամենը վախի շողքն է։ Սիրո հակառակը վախն է, և հենց վախն է ստեղծում ամեն արատավոր բան մեր մեջ ու մեր շուրջ։
Մենք պիտի գիտակցենք, որ վախերով առաջնորդվելով որևէ լավ տեղ չենք հասնելու։ Մենք պիտի աշխատենք մեր իսկ վախերի հետ՝ դա է առողջացման, կայունացման, զարգացման ու ապաքինման ուղին։
Իհարկե, մենք չենք կարող ամբողջ հանրության համար վերցնել պատասխանատվություն, բայց մենք կարող ենք և պետք է մե՛զ համար պատասխանատու լինենք՝ մաքրելու մեր ներսը և մեր միկրոմիջավայրը վախի թունավոր ազդեցությունից։ Յուրաքանչյուրս մեր ներսում պիտի փնտրենք ռեսուրս՝ վերականգնվելու, ամրանալու և ամրացնելու, սիրո աղբյուր գտնելու և դրա տված լույսը տարածելու։ Իսկ սիրո աղբյուր կա յուրաքանչյուրիս մեջ, որովհետև մեզ թողնված է աստվածային սեր ու խաղաղություն, մեզ տրված է Տիրոջ խաղաղությունը, որը նման չէ այն խաղաղությանը, որն այս իրականությունն է մեզ առաջարկում։
Աշխարհը երբեք խաղաղ տեղ չի լինելու․ մենք սխալմամբ ենք այն լույս աշխարհ կոչում։ Բայց այստեղ միշտ ծնվելու են խաղաղարարներ, որոնք շատացնելու են աշխարհի լույսը, խաղաղը, բարին, ու նրանք, իրավամբ, կոչվելու են Աստծո որդիներ։ Հենց նրանց շնորհիվ է մոլորակը պտտվելու ևս մեկ շանս ստանում հազարամյակներ շարունակ և հիմա էլ։ Մեզնից ամեն մեկին տրված է լինելու խաղաղարար՝ ինքներս մեզ համար, մեզ շրջապատող մարդկանց համար, մեր հանրության համար։
Վախը փոքրացնում է մարդուն, մղում է մանր ու փոքրոգի քայլերի, սերը ամրացնում է մարդուն, մղում է նրան ստեղծելու, կառուցելու, բարուն հավատալու, լավ գործի մեջ ներդրվելու։ Ամեն օր ընտրության առաջ ենք՝ որպես շարժիչ ուժ վախն ընտրել, թե սերը։
Վախը մենք ենք, սերը՝ Աստծուց տրվածը՝ միշտ մեզ հետ, մեր ներսում, մեզ կպած, մեր հոգու մեջ։ Փնտրել է պետք, տեսնել է պետք, վերցնել է պետք, որ մեր սրտերը չխռովվեն, որ չվախենանք։ Ամեն։
Հեղինակ՝ Անժելա Պողոսյան
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում