Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում

Հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթները՝ «Դրվագներ ինքնության. Տարազ» ցուցահանդեսում

Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) բացվեց «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կազմակերպել է Հայաստանի պատմության թանգարանը:

Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային համալիրներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը: Հավաքածուն հնարավորություն է տալիս հանգամանալից պատկերացում կազմել հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին։ Դրանցում բացահայտվում են ոչ միայն տարազի սերտ կապն անցյալի և հավաքական հիշողության հետ, այլև հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչությունները և տեղացի արհեստավորների զարգացած գեղագիտական ճաշակը։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ տևական դադարից հետո կրկին ներկայանում են ցուցահանդեսով՝ հանրությանը հնարավորություն ընձեռելով ծանոթանալ թանգարանի արժեքավոր հավաքածուներից մի ընտրանու։

«Հայաստանի պատմության թանգարանը շուրջ 400 հազար ազգային նշանակություն հավաքածու ունի։ Այս ընթացքում մենք առցանց ենք աշխատել, տարբեր ծրագրեր իրականացրել ու հասկացանք, որ հանրությանը հետաքրքրում է տարազը, արխիվային լուսանկաները, որոնք կապված են ավանդական ինքնության հետ։

Այս առումով մեր ընտրությունը կանգնեց հենց ավանդական տարազի ցուցադրության վրա որպես մի դրվագ մեր ինքնության և որոշեցինք հնարավորինս տարբեր շերտերով, կողմերով ներկայացնել այդ հավաքածուները»,- ասաց նա։

Դ. Պողոսյանի ներկայացմամբ, կան նաև որոշ նյութեր, որոնք առաջին անգամ են ցուցադրվում. «Ունենք մի անկյուն, լրիվ նոր ձեռքբերում է։ Ոչ թե նոր ոճի տարազ է, այլ ավանդական տարազ է, ստացել ենք կրողից, կրողի պատմությունն է այնտեղ ներկայացված»։

Ցուցադրությունում փորձ է արվել վերանայել հայկական տարազի գաղափարային կողմերը՝ դիտարկելով դրանք մշակութաբանական և քաղաքական դիրքերից։ Ավանդական հագուստի ձևաչափերի, պատկերագրությունների և կառուցվածքների համեմատական ներկայացումն այստեղ հնարավորություն է ընձեռում որոշակի պատկերացում կազմել հայկական համայնքների ներքին հարաբերությունները ձևավորող արժեհամակարգերի մասին։ Ուստի ցուցահանդեսում շեշտադրված են ոչ միայն աշխարհագրական տարբեր շրջանների տարազային ընդհանրություններն ու օրինաչափությունները, այլևս դրանք «հակասություններն» ու զանազանությունները։

«Նախկին մշտական ցուցադրության մեջ հատկապես ներկայացված էին կանացի շքեղ տարազները։ Որոշեցինք այստեղ ներկայացնել նաև առօրյա, տղամարդու, մանկական հագուստներ։ Փորձել ենք համադրել նաև առօրյա հագուստը և շքեղ, տոնական հագուստը, բարձր խավի, եվրոպական ազդեցության հագուստը և գեղջկական հագուստ, որոնք պատրաստվել են ավանդական եղանակներով»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։

Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 140 տարազ։ Մեկ ամիս շարունակ բացի ցուցադրությունից, Դ. Պողոսյանի խոսքով, իրականացվելու են կրթական ծրագրեր, դասախոսություններ, ժամանակ առ ժամանակ տարազները փոփոխվելու են, լինելու են դասախոսություններ, քննարկումներ, որոնց միջոցով ի ցույց են հանելու այն տարազները, որոնք այստեղ տեղ չեն գտել։

Ցուցահանդեսի հովանավորն է Կոնվերս Բանկը։

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին, Կոնվերս Բանկի տնօրինությանը գեղեցիկ հուշարձան շենքն իրենց տրամադրելու և այս հավաքածուն արժևորելու համար։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում