ԱՄՆ-ում դելֆինները զանգվածաբար ափ են նետվում
Նմանատիպ
Ամերիկացի գիտնականները տագնապ են հնչեցնում ԱՄՆ-ի արեւելյան ծովափին դելֆինների արտասովոր բարձր մահացության կապակցությամբ: Ինչպես օգոստոսի 20-ին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը, ընթացիկ տարում Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Դելավերի, Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգների լողափերում հայտնաբերվել են 228 սատկած դելֆիններ, որոնք զոհվել են չպարզված պատճառներով ափ նետվելուց հետո:
ԱՄՆ-ի օվկիանոսների եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչությունում հայտարարել են, որ այդ թիվը բազմակի գերազանցում է տարեկան միջին ցուցանիշները եւ ամենաբարձրն է վերջին 26 տարվա ընթացքում: Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վարչությունում անհրաժեշտ են համարում անցկացնել հատուկ հետաքննություն, քանի որ տեղի ունեցողը կարող է լինել «բնապահպանական առավել լուրջ հիմնախնդրի բաղկացուցիչ մասը, որը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության ու բարեկեցության համար»:
Գիտնականները ենթադրում են, որ կենդանիների անոմալ վարքագիծը կապված է վարակի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում