Եգիպտոս. Իսլամիստները խոստանում են գնալ մինչեւ վերջ
Նմանատիպ
«Մուսուլման եղբայրներ» շարժումը դատապարտել է զինվորականների կողմից իր առաջնորդի՝ Մուհամեդ Բադիայի ձերբակալումը, որին Եգիպտոսի նոր իշխանությունները մեղադրում են բռնություններ եւ սպանություններ հրահրելու մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իսլամիստների ներկայացուցիչը հայտարարել է, որ Բադիայի ձերբակալումը 2011 թվականի հեղափոխության դեմ դավադրության բաղկացուցիչ մասն է, որը տապալեց Հոսնի Մուբարաքի ռեժիմը:
Օգոստոսի 20-ին «Մուսուլման եղբայրները» կոչ են արել իրենց կողմնակիցներին շարունակել բողոքի ակցիաները նախագահի պաշտոնում Մուրսիի վերականգնման պահանջով:
«Մուսուլման եղբայրների» քաղաքական թեւի՝ Ազատության եւ արդարության կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բադիայի ձերբակալումը քաոս չի առաջացնի իսլամիստների շրջանում:
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 21-ին կանցկացնեն հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Եգիպտոսին ցուցաբերվող ֆինանսական օգնության հնարավոր կրճատումը:
ԱՄՆ-ն արդեն չեղյալ է հայտարարել Եգիպտոսի հետ համատեղ զորավարժությունները, որոնք ծրագրված էին սեպտեմբերին, եւ քննարկում է երկրին ռազմական օգնության դադարեցման հնարավորությունը:
Եգիպտոսի վարչապետի պաշտոնակատար Հազեմ Բեբլավին հայտարարել է, որ երկրին ռազմական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ Վաշինգտոնի ցանկացած որոշում խիստ բացասական ազդեցություն կունենա զինված ուժերի վրա: Սակայն, նրա խոսքով, իրենք դա էլ կվերապրեն:
«Մի մոռացեք, որ Եգիպտոսը տասնամյակներ շարունակ խորհրդային ռազմական օգնություն էր ստանում եւ ռազմական մատակարարումների կրճատման հետ կապված փորձ ունի»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում