Սպիտակ տունը դատապարտել է Էրդողանին
Նմանատիպ
ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնստը խստորեն դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին’ օգոստոսի 20-ին նրա արած’ «Եգիպտոսում հեղաշրջման թիկունքում կանգնած է Իսրայելը» արտահայտության համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբեր3» լրատվական կայքը: «Վարչապետ Էրդողանի այդ խոսքերը խստորեն դատապարտում ենք», -հայտարարել է Էրնս տը: Եգիպտոսում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համար նման կերպ Իսրայելին պատասխանատու համարելը զզվելի, չապացուցված եւ սխալ է», -ասել է Սպիտակ տան պաշտոնյան:
Էրդողանն իր գլխավորած’ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքային բաժանմունքների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 20-ին տեղի ունեցած ընդլայնված հավաքում հայտարարել էր, որ «Եգիպտոսում հեղաշրջման թիկունքում կանգնած է Իսրայելը», եւ իրենց ձեռքում դա ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր եւ ապացույցներ կան: Նրա այդ հայտարարությանը հակազդել են ԱՄՆ-ը, Իսրայելը եւ Եգիպտոսը:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի անունը չհրապարակած խորհրդականը «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Էրդողանի այդ խոսքերը «հիմարություն եւ մտացածին» է բնութագրել:
Եգիպտոսի պաշտոնական MENA լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ Եգիպտոսի կառավարության ոչ մի նախարար չի կարող այդ խոսքերը «առողջ կամ էլ արդարացի» մարդու արտահայտություն համարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում