ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը վարել է Սերժ Սարգսյանը

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը վարել է Սերժ Սարգսյանը

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ Գործադիր մարմնից հայտնում են, որ նիստի ընթացքում առաջնահերթ կարգով քննարկվել է երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը։ Կուսակցությունը վերահաստատել է վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։

Հայաստանի վերջին արտահերթ ընտրությունները չեն հանգուցալուծում առկա խորքային ճգնաժամը: Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի արհամարհել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի ավերիչ և անարդար հետևանքները դիտարկել որպես նոր իրողություն: Հանրապետականը չի համակերպվել այս իրավիճակի հետ, և վերստին հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա որպես տարածաշրջանային ինքիշխան դերակատար:

Կուսակցության համար որպես գործունեության գերակայություն շարունակելու են մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերներին դիմակայելը եւ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների դեմ պայքարը, որոնց հասնելու համար օրակարգային թիվ մեկ հարցը կապիտուլյանտ վարչակազմի իշխանազրկումն է։

Քննարկվել են գալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցության մասնակցության հեռանկարը, կուսակցության կառուցվածքային, կադրային եւ ծրագրային բարեփոխումների անհրաժեշտությունը:

Երկրի առկա քաղաքական զարգացումների համատեքստում դատապարտվել է ապօրինի ձերբակալումների, կրկին թափ ստացած քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների նոր ալիքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում