Գյուլի և Էրդողանի հակասությունները խորանում են
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ հակասությունները գնալով խորանում են: Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական «Թարաֆ» թերթն’ անդրադառնալով օգոստոսի 18-ին ծրագրված Էրդողան-Գյուլ հանդիպման’ վերջին պահին Էրդողանի կողմից չեղյալ հայտարարելու փաստին:
Թերթը հայտնում է, որ ժամը 14:00-ին նշանակված հանդիպումը դրանից 3 րոպե առաջ Էրդողանն անակնկալ կերպ չեղյալ է հայտարարել Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ ունեցած հեռախուսազրույցից հետո:
Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունը նախագահ Գյուլին հայտնել է, որ Էրդողանը չի կարող հանդիպման գալ «վատառողջ լինելու պատճառով»: Սակայն, թերթը պարզել է, որ այդ օրը Էրդողանը որեւէ առողջական խնդիր չի ունեցել: Ավելին, Գյուլի հետ հանդիպումից առաջ Էրդողանը Քըսըքլըի իր տանը երկարատեւ հանդիպում է ունեցել Ֆիդանի հետ եւ երեկոյան վերադարձել Անկարա, եւ եթե նա այդ հանդիպումը չեղյալ հայտարարելու պատճառ հանդիսացած առողջական խնդիր ունենար, ապա չէր վերադառնա Անկարա: Թերթը ենթադրել է, որ Էրդողանը Գյուլի հետ հանդիպման չի գնացել Ֆիդանի ? ?ետ հանդիպելու պատճառով, եւ դա գնահատել որպես նախագահի դեմ դիրքորոշում:
Էրդողանի նման դիրքորոշման համար թերթը երեք հնարավոր պատճառներ է բերում: Առաջինը’ Էրդողանը Գյուլի հետ հանդիպումը չեղյալ է հայտարարել Հաքան Ֆիդանից ստացած ինչ-որ տեղեկության պատճառով: Երկրորդը’ Գեզի այգու իրադարձություններից հետո Գյուլի’ գնալով հստակ դառնող ավելի ակտիվ քաղաքականությունն է. Գեզիի իրադարձություններին Գյուլի տված գնահատականը հակասում էր Էրդողանի գործողություններին:
Էրդողանն ու իր շրջապատը Գեզիի իրադարձությունները որակել են որպես վարչապետի դեմ միջազգային սադրանք: Նրանք գտնում են, որ Վաշինգտոնը, Լոնդոնը եւ Բրյուսելը այլընտրանք են որոնում Էրդողանին եւ այդ այլընտրանքը նախագահ Գյուլն է, ինչը խիստ անհանգստացրել է Էրդողանին եւ նրա շրջապատին:
Այդ համատեքստում հատկանշական է, որ մահմեդական Ռամազան տոնի առթիվ Սպիտակ տանը տրված ճաշին նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի դեսպանի հետ ունեցած կարճ հանդիպման ժամանակ հետաքրքրվել է ոչ թե Էրդողանով, այլ Գյուլով: Բացի դրանից, Բարձրագույն ռազմական խորհրդի վերջին նիստում Գյուլը համառել է Էրդողանի առաջադրած որոշ գեներալների պաշտոնները չբարձրացնելու հարցում: Նշվում է նաեւ այն հանգամանքը, որ այն դեպքում, երբ Էրդողանը վերջերս քննադատել էլ Նոբելյան մրցանակակիր ալ Բարադեին եւ այդ կառույցին, դրանից հետո նախագահ Գյուլը մի շարք նոբելյան մրցանակակիրների հյուրընկալել էր նախագահական պալատում: Էրդողանն ու իր շրջապատն անհանգստացած են այն բանով, որ քաջալերվելով ազգային եւ միջազգային ուժերի կողմից, նախագահ Գյուլը գնալով ավելի շատ է հանդես գալիս նախաձեռնություններով եւ հայտարարություններ անում մամուլով:
«Էրդողանն ու իր շրջապատն արագացնելու են Գյուլին միայնակ թողնելու իրենց աշխատանքները, եւ վերջին ծրագրված հանդիպումը չեղյալ համարելու համար Էրդողանի «վատառողջ» հանդես գալը դրա առաջին ազդանշանն է: Պետք է սպասել, որ այսուհետեւ լռեցվելու են նաեւ Գյուլին համակրող լրագրողները», -եզրահանգում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում