Արարատ Միրզոյանը խոր դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը խոր դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»

«Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլևս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խոր դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որևէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որևէ երկրում դեսպանի պաշտոնները։

Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում Փաշինյանը Միրզոյանին ևս մեկ անգամ արտգործնախարարի պաշտոնն առաջարկելուց և մերժում ստանալուց հետո տեղում որոշում է կայացրել, որ Արմեն Գրիգորյանը կդառնա արտգործնախարար։ Ապա նրա տեղը՝ ԱԽ քարտուղարի պաշտոնն է առաջարկել Միրզոյանին, բայց վերջինս դա էլ է մերժել։ Նրա շրջապատում կարծում են, որ գուցե վայր չդնի մանդատը, սակայն դժվար թե հաճախի ԱԺ նիստերին և ինչ-որ պահի հեռանա թիմից։

Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանի նախագահի պաշտոնում ՔՊ-ն ընտրել է Ալեն Սիմոնյանին։ Խոսվում է նաև, որ Լենա Նազարյանը նույնպես չի վերցնի մանդատը․ մի կողմից՝ «սիրուն չի», որ մի ընտանիքից 2 հոգի մանդատ ունենա, իսկ նրա ամուսինը՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը, պատգամավոր է դարձել։ Մյուս կողմից՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից նրան գահընկեց արեցին, և նա մտածում է սեփական բիզնես գործունեություն ծավալելու մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում