Ալիեւի` երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրումը հակաօրինական է.քաղաքագետներ
Նմանատիպ
Ադրբեջանի «Մարդու իրավունքների գծով ակումբ»-ը եւ Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ը իրավական գնահատական են ներկայացրել Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի մասնակցության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական կայքը, սահմանադրական իրավունքի գծով պրոֆեսոր Վոյչեկ Սադուրսկիի զեկույցում պնդվում է, որ սահմանադրական փոփոխությունը, որը Իլհամ Ալիեւին թույլ է տալիս երրորդ ժամկետով թեկնածությունն առաջադրելու հնարավորություն, հակասում է օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ թափանցիկության սկզբունքներին:
Վոյչեկ Սադուրսկին Սիդնեյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր է եւ Նյու Յորքի համալսարանի Գլոբալ ֆակուլտետի իրավաբանության ամբիոնի անդամ: Նա համեմատական սահմանադրական իրավունքի, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների ոլորտի մասնագետ է, բազմաթիվ աշխատանքների հեղինակ:
Իր գնահատականում Սադուրսկին մեկնաբանում է Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումը վերացնելու համար Ադրբեջանի խորհրդարանի կողմից 2009թ.-ին ընդունված սահմանադրական ուղղումը:
Նրա խոսքով’ այդ սահմանադրական ուղղումները խախտում են թափանցիկության սկզբունքը, քանի որ թաքնված են եղել հանրաքվեի հանված ուղղումների տեքստում: Այդ ուղղումը, որով վերացվում է վերընտրվելու սահմանափակումը, նաեւ խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Բացի այդ, 2009թ.-ի սահմանադրական այդ ուղղումը խախտում է նաեւ իրավական ճշգրտության եւ հետադարձ ուժի սկզբունքները:
«Հուսով եմ, որ այս գնահատականը միջազգային կազմակերպությունները կքննարկեն մինչեւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը: Այս գնահատականը մեծ թվով մարդկանց այն կարծիքն է, որ Սահմանադրությունը չպետք է փոխվի այն բանի համար, որպեսզի Իլհամ Ալիեւի համար ցմահ նախագահ ընտրվելու հնարավորություն բացի», – ասել է «Մարդու իրավունքների գծով ակումբ»-ի ղեկավար Ռասուլ Ջաֆարովը:
Իր հերթին, մարդու իրավունքների Հելսինկյան հիմնադրամի ներկայացուցիչ Ադամ Բոդնարը նշել է, որ տվյալ գնահատականը մի շարք եվրոպական եւ տեղական օրենսդիրներին կստիպի խորհել Ադրբեջանի քաղաքական ապագայի մասին:
Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում