Եգիպտոսը Էրդողանին «Արեւմուտքի գործակալ» է անվանել
Նմանատիպ
Եգիպտոսի նախագահի մամուլի խոսնակ Ահմադ ալ Մուսսալամանին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից նախօրեին արած’ «Եգիպտոսում հեղաշրջման հետեւում Իսրայելն է կանգնած» սադրիչ հայտարարության կապակցությամբ նրան «Արեւմուտքի գործակալ» է անվանել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով եգիպտական մամուլը, նկատի ուննալով Էրդողանին’ ալ Մուսսալամանին ասել է. «Արեւմուտքի գործակալից հայրենասիրության դասեր առնելու կարիք չունենք»:
Նշվում է, որ Էրդողանի այդ հայտարարությունը Եգիպտոսում ընկալվել է որպես հասարակությունը պառակտելու սադրանք: Մուսսալամանին նաեւ ընդգծել է, որ «օտարեկրյա գործակալներին չի հաջողվի տրոհել Եգիպտոսը»:
Էրդողանի այդ հայտարարությանը, որը նա արել է իր գլխավորած’ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքային բաժանմունքների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 20-ին տեղի ունեցած ընդլայնված հավաքում, խստորեն են արձագանքել նաեւ ԱՄՆ-ը եւ Իսրայելը:
ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնստը խստորեն դատապարտել է Թուրքիայի վարչապետին: «Վարչապետ Էրդողանի այդ խոսքերը խստորեն դատապարտում ենք: Եգիպտոսում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համար նման կերպ Իսրայելին պատասխանատու համարելը զզվելի, չապացուցված եւ սխալ է»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի’ անունը չհրապարակված խորհրդականը «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում Էրդողանի այդ խոսքերը «հիմարություն եւ մտացածին» է բնութագրել:
Եգիպտոսի պաշտոնական MENA լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ Եգիպտոսի կառավարության ոչ մի նախարար չի կարող այդ խոսքերը «առողջ կամ էլ արդար» մարդու արտահայտություն համարել:
Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ «Եգիպտոսում հեղաշրջման թիկունքում կանգնած է Իսրայելը», եւ որ իրենց ձեռքում դա ապացուցող բազմաթիվ փաստաթղթեր եւ ապացույցներ կան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում