Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքում է իր աշխատակիցների մասնակցությունը օգոստոսի 17-ի միջադեպին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքում է իր աշխատակիցների մասնակցությունը օգոստոսի 17-ի միջադեպին: Ինչպես հայտնում է «Times.am»-ը’ վկայակոչելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը, դեսպանության աշխատակիցները կապ չունեն ՀՀ իրավապահ մարմինների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի հետ:

«Մեր աշխատակիցները ոչ մի կապ չունեն միջադեպի հետ: Տեղեկությունն այն մասին, որ ինչ-որ անհայտ անձինք փորձել են ներխուժել և/կամ նետել ինչ-որ իր կամ իրեր դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Օգոստոսի 17-ին, ժամը 22:55-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ’ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:

Նույն օրը, ժամը 23:25-ին, Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ’ Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը: Ոստիկանության Կենտրոնական բաժնում Դավեյանը, Առաքելյանը և Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց: Օգոստոսի 18-ին նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում