Human Rights Watch-ը խորապես մտահոգված է Ադրբեջանում ստեղծված իրավիճակով
Նմանատիպ
Ադրբեջանում նախընտրական իրավիճակը, կապված մարդու իրավունքների հետ, սրվել է, երկրի կառավարությունը ճնշել է բողոքի ակցիաների բոլոր ձևերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը’ այդ մասին ադրբեջանական «Ազադլըգ» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ժնևյան գրասենյակի ղեկավար Ֆլորիան Իրմինգերը: Նրա խոսքով’ Human Rights Watch-ը խորապես մտահոգված է Ադբեջանում ստեղծված իրավիճակով: Նա նաև ուշադրություն է հրավիրել ադրբեջանական իշխանությունների կողմից ազատ հավաքների անցկացման իրավունքի կոպիտ խախտումների, քաղաքական դրդապատճառներով իշխանություններին քննադատողների նկատմամբ մեղադրանքների առաջադրման, իրավապաշտպաններին հետապնդելու ուղղությամբ:
Անդրադառնալով Ադրբեջանում կայանալիք առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդների մոնիթորինգին’ Իրմինգերն ընդգծել է, որ Եվրախորհրդարանում մտահոգված են Ադրբեջանում նախընտրական իրավիճակով: Միաժամանակ, նա նշել է, որ այժմ Եվրոպայում արձակուրդային ժամանակահատված է, և այս ամսվա վերջին կհստակեցվի եվրոպական կառույցների դիրքորոշումն Ադրբեջանում կայանալիք ընտրությունների շուրջ:
«Մենք գտնում ենք, որ Ադրբեջանում անհրաժեշտ է ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելության մոնիթորինգի անցկացումը, քանի որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն քվեարկելու օրով: Այստեղ անհրաժեշտ է անցկացնել ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական մոնիթորինգ: Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, երբ բոլորը գիտեն ապագա նախագահի անունը: Եվրոպական որևէ երկրում նման բան չեք տեսնի: Նշանակում է, որ բոլորն արդեն գիտեն, որ ընտրությունները կեղծվելու են»,- փաստել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ժնևյան գրասենյակի ղեկավարը:
Ադրբեջանի «Մարդու իրավունքների գծով ակումբ»-ը եւ Լեհաստանի «Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ը ևս հայտարարել են, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի’ երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրումը հակասում է օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ թափանցիկության սկզբունքներին: Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում