ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին

ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին

Նորընտիր ԱԺ-ում աժիոտաժ սկսկեց, երբ նիստը վարող պատգամավոր Կնյազ Հասանովն առաջարկեց գրանցվել։ «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր դաշնակցական Արծվիկ Մինասյանը հայտարարեց, մինչ քվեարկությունը պատգամավորն իրավունք ունի վարման կարգով խոսք խնդրել, գրում է Panorama.am։

«Հիմա եթե Դուք իրականացրեցիք գրանցում, ապա գրանցումից առաջ վարման կարգն ու դրանից հետո վարման կարգը տարբեր հնարավորություններ են տալիս։ Հիմա դուք համաձա՞յն եք, որ կիրառվի գրանցումից առաջ վարման կարգի հնարավորությունը»,-մանրամասնեց Մինասյանը։

Հասանովն ասաց՝ հնարավորություն կտրվի, ուղղակի համակարգն աշխատում է գրանցումից հետո։ Նա հայտարարեց՝ գրանցում։ Արդյունքում գրանցվել է 91 պատգամավոր, չի գրանցվել 16 պատգամավոր, քվորում կա։

Վարման կարգով ձայնը տրվեց «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սեյրան Օհանյանին։

«Ինչպես հայտնի է, որ մեր խմբակցության երկու պատգամավորներ գտնվում են անազատության մեջ, այն դեպքում, երբ Սահմանադրության 96 հոդվածի երկրորդ մասի համաձայն, պատգամավորն առանց ԱԺ-ի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից։ Հետևաբար մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների ներկայությունը ԱԺ-ում, որպեսզի նրանք կարողանան իրականացնել սահմանադրական պարտականությունները»,-ասաց նա։

«Դա իմ իրավասության ներքո չէ, դա իրավապահների գործ է»,-ասաց Հասանովը՝ ավելացնելով, որ չի կարող ոչինչ պատասխանել։

Վարման կարգով խոսեց «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ասաց՝ արտառոց վիճակում են։

«Չի եղել մի դեպք, երբ նստաշրջանը սկսենք, երբ երկու պատագամավորներ գտնվում են կալանքի տակ, ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին։ Եթե համարում ենք, որ ոչինչ չի եղել, պետք է արհմարհենք ու շարունակենք աշխատանքը, ապա այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի։ Մենք իրավունք չունենք պարզապես կանոնակարգի կոպիտ խախտումով, ոտնահարումով գնալ առաջ։ Մեր աչքի առաջ ամենաթողություն է տեղի ունեցել»,-ասաց դաշնակցական գործիչը՝ ավելացնելով, որ դա անարգանք է նաև ԱԺ նկատմամբ։

Ռուսատմյանը մանրամասնեց, որ ԱԺ-ն այսօր ներկայացուցչական մարմիններ է ընտրելու, մինչդեռ բացակա պատգամավորները ոչ ընտրելու, ոչ էլ ընտրվելու իրավունք կունենան։ Նա ասաց, որ դա ոչ թե Հասանովի, այլ ԱԺ որոշելիք հարցն է։

Նա առաջարկեց 20 րոպե ժամանակ տալ այդ հարցը քննարկելու համար։

ՔՊ-ից վարման կարգով Վլադիմիր Վարդանյանն ասաց, արարքները, որոնք վերագրվում են մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչև մանդատ ստանալը։ Նա ավելացրեց, իրենք պարտավորել են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, առաջարկեց նախագահողին հնարավորություն տալ ձևավորել ԱԺ մարմինները, որից հետո քննարկել ցանկացած հարց։
Արծվիկ Մինասյանը՝ պահանջեց 20 րոպե ընմիջում հայտարարել ՝ ԱԺ կանոնկարգ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն ու առաջարկեց մյուս խմբակցությունների պատգամավորներին քննարկել պատգամավորների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները, ինչու չէ նաև ԱԺ հրավիրել գլխավոր դատախազին։

Հասանովն ասաց, դա իր իրավասությունը չէ, առաջարկեց անցնել օրակարգին, ինչը առաջացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների զայրույթը։ Նրանք սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին։

«Ես խնդրում եմ՝ մի խանգարեք, այստեղ ակցիա չէ, միտինգի տեղ չէ, ամբողջ աշխարհը մեզ է նայում»,-ասաց Հասանովը՝ առաջարկելով սպասել սահմանված ընդմիջմանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն ասաց՝ միանում են «Հայաստան» դաշինքի պահանջին, ապահովել անազատության մեջ գտնվող պատգամավորների ներկայությունը։
«Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նկատեց՝ հարգում է Հասանովի տարիքը, եթե որպես թամադա խոսք չտա, կհասկանա նրան, բայց խորհուրդ տվեց չխախտել օրենքով իրեն ժամանակավորապես տրված լիազորություններն ու հետևել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներին։

«Խնդրում եմ, էդ ժամանակավոր պաշտոնում ինձ լսեք»,-ասաց Հասանովը։

Նրա խոսքից հետո զայրույթի ալիք բարձրացավ։ Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ պարտավոր է ընդմիջում հայտարարել, քանի որ խմբակցությունը պահանջում է, դա չի կարող լինել Հասանովի ցանկությամբ։

Ի վերջո, 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում