Առաջիկա առաջնահերթությունը Կառավարության նոր ծրագրի մշակումն է. Փաշինյան

Առաջիկա առաջնահերթությունը Կառավարության նոր ծրագրի մշակումն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ նոր ձեւավորված գործադիր մարմնի առաջիկա գործունեությանը։

«Կառավարությունը, ըստ էության, ձեւավորված է, չի նշանակված միայն արտաքին գործերի նախարարը: Ես եւս մեկ անգամ ուզում եմ մեզ հաջողություն մաղթել մեր երկրի կառավարման գործում: Առաջիկայում մենք պետք է զբաղվենք կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով: Մեր ծրագիրը, բնականաբար, պետք է հենված լինի ՔՊ-ի նախընտրական ծրագրի, մինչեւ 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձեւավորված նախընտրական խոստումների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավը կենդանի գործընթաց է, եւ այս քարոզարշավի առանձնահատկությունն այն էր, որ իսկապես կենդանի երկխոսություն ստացվեց ՀՀ քաղաքացիների հետ:

«Մենք կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչեւ նախընտրական քարոզարշավը, այլ նաեւ այն խոստումների կամ այն ըմբռնման վրա, որը ձեւավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման արդյունքում: Առաջիկայում պետք է կենտրոնանանք այդ խնդրի լուծման վրա եւ պետք է մի քանի քննարկումներ ունենանք: Մինչեւ օգոստոսի 23-ը ժամանակ ունենք այն ներկայացնելու ԱԺ, եւ առաջիկայում սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում