Հայկական կողմն Ադրբեջանի ստին ու կեղծիքին պատասխանում է կառուցողական գործողություններով
Նմանատիպ
Ադրբեջանի արտգործնախարարի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղարկված նամակը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ պետությունը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Կարծում եմ, որ Ադրբեջանը նման նամակներով դեռ շատ կդիմի տարբեր միջազգային կառույցների եւ կշարունակի իր ապակառ ուցողական գործողությունները»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ հարկավոր է զուսպ վերաբերվել ադրբեջանական իշխանությունների գործողություններին: «Իհարկե, մենք էլ մեր հերթին պետք է քայլեր ձեռնարկենք նրանց ապակառուցողական գործողությունները չեզոքացնելու համար, սակայն դա պետք է անենք ոչ թե նրանց նման՝ ստի ու կեղծիքի ճանապարհով, այլ կառուցողական եւ համակարգված գործողություններ իրականացնելով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջազգային ասպարեզում էլ արդեն շատ լավ գիտեն, թե ով ով է:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում նշել է, թե Հայաստանը շարունակում է «օկուպացված» ադրբեջանական տարածքներում անօրինական բնակեցումները՝ անտեսելով միջազգային հանրության դիրքորոշումը եւ չարաշահելով Ադրբեջանի համբերությունը: Նա նշել է, թե ստատուս քվոյի շարունակականությունը կարող է անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել, որի ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Հայաստանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում