Ադրբեջանի իշխանությունները հետապնդում են ռազմական փորձագետին
Նմանատիպ
Ադրբեջանի լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման (REAL) անդամ Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում: Նրա խոսքով’ դա սկսվել է ադրբեջանա-ռուսաստանյան ռազմական համագործակցության վերաբերյալ ԶԼՄ-ներում իր ելույթներից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է Թուրան» լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ նա հայտնել է, որ ինչ-որ մարդիկ կապի մեջ են մտել իր հետ եւ խոսել Ադրբեջանի բարձրագույն իշխանության անունից: Նրանք հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնության ռազմական շրջանակներից պաշտոնական Բաքվին բողոքներ են արվել Սումերենլիի արած արտահայտությունների կապակցությամբ: «Ինձ ասել են, որ իմ հոդվածներով ես սպառնալիքի տակ եմ դնում երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցության ապագան, եւ երկկողմանի համաձայնությունների խզման վտանգ ստեղծում», -ասել է Սումերենլին:
Ավելի վաղ, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, լրագրողը կարծիք էր հայտնել, որ Բաքվում տեղի ունեցած բանակցություններում համաձայնություններ են ձեռք բերվել ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու եւ ռազմական կադրեր պատրաստելու գծով, ինչը հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներով Ադրբեջանի զինված ուժերի զարգացմանը:
«Թուրան»-ին տված հարցազրույցում Սումերենլին նաեւ պնդում է, որ իրեն պարգեւատրում են առաջարկել նման հրապարակումները դադարեցնելու համար, իսկ երբ նա չի համաձայնել, նրան սպառնացել են, որ տհաճություններ կպատճառեն:
Սումերենլիին մեղադրել են նաեւ նրանում, որ նա տեղեկություններ է ստանում արեւմտյան աղբյուրներից, եւ իբրեւ այդ տեղեկությունները նրան փոխանցել է մի լրագրողուհի: Նա իսկապես սրճարանում հանդիպել է լրագրողուհու հետ, բայց նրա խնդրանքով մեկնաբանել է Militarization in Black Sea Region նախագծի շրջանակում ուսումնասիրությունների համար սեւծովյան տարածաշրջանում սպառազինությունների թեման: Սումերենլին նշում է, որ զրույցի ժամանակ իրենք նկատել են, որ երկու անձինք հետեւում են իրենց:
Լրագրողը հայտարարել է, որ իր կամ իր ընտանիքի դեմ հնարավոր գործողությունների պատասխանատվությունը կրելու են Ադրբեջանի իշխանությունները, եւ կոչ արել քաղաքացիական հասարակությանն ու մամուլին պաշտպանություն ցուցաբերել իրեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում