Սյունիքի՝ շրջափակման մեջ հայտնված 3 գյուղերի բնակիչներին հաց է մատակարարել ԱԻՆ–ը

Սյունիքի՝ շրջափակման մեջ հայտնված 3 գյուղերի բնակիչներին հաց է մատակարարել ԱԻՆ–ը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար և Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները շարունակում են փակ մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Բարձրավան բնակավայրի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանն՝ ընդգծելով, որ այսօր տեղի ունեցած բանակցություններն այս պահի դրությամբ արդյունք չեն տվել։

Ադրբեջանցիների՝ Սյունիք մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ և Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները փակելու հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Որոտան, Շուռնուխ եւ Բարձրավան գյուղերը։

Բարձրավանի գյուղապետի խոսքով՝ այսօր գյուղ հաց են մատակարարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները՝ այլընտրանքային ճանապարհի միջոցով։ ԱԻՆ-ի կողմից հաց է մատակարարվել նաեւ Որոտանի եւ Շուռնուխի բնակիչներին։

«Մտել են գյուղացիների տներ, հարցրել, թե ինչի կարիք ունեն, հավաքագրել են ու հեռացել, հիմա սպասում ենք, որ առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ գյուղ բերեն»,– ասել է Օնիկ Ավագյանը։

Նրա խոսքով՝ թեև գյուղում խուճապ չկա, այնուամենայնիվ, գյուղացիներին մտահոգում է, թե երբ են բացվելու ճանապարհները։ Այլընտրանքային ճանապարհը վատ վիճակում է, ոչ բոլոր տեսակի մեքենաների համար է այն անցանելի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում