Ինչպես է պետք իրականացնել սահմանազատումն ու սահմանագծումը Ադրբեջանի հետ. ուղեցույց

Ինչպես է պետք իրականացնել սահմանազատումն ու սահմանագծումը Ադրբեջանի հետ. ուղեցույց

Փաշինյանի դավաճանական բանդան ամեն Աստծու օր մեր ուղեղի մեջ մտցնում է, թե դե «Ադրբեջանն իր տարածքներում է առաջ եկել, ճամփա փակել» ու նման այլ զառանցանք։
Մի պահ մի կողմ թողնենք պատմական կոնտեքստը, որ դա մեր հողերն են։ Սա, ի դեպ, մեզանում տարածված մոլորություն է, թե հողերի պատմական պատկանելիությունը ոչ մի նշանակություն չունի։ Ունի ու թուրքերն ու ադրբեջանցիները դա շատ լավ հասկանում են և նաև հենց այդ պատճառով են հայկական բոլոր հողերի իրենցը լինելու «տեսություններ» սարքում։ Բայց դա առանձին թեմա է։

Մի կողմ թողնենք նաև այն, որ այդ հողերը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներն են։

Ու ենթադրենք, որ որոշել ենք Ադրբեջանի հետ իսկապես սահմանազատում ու սահմանագծում անել՝ հենվելով ԽՍՀՄ վարչական քարտեզների վրա։

Ստեղ էլի բան կա մի կողմ թողնելու։ Տվյալ դեպքում մի կողմ թողնենք, թե ինչու ենք որոշել օգտագործել մեր համար ամենաանբարենպաստ վարչական քարտեզները։ Մի կողմ թողնենք նաև, որ չգիտես ինչու այնտեղ, որտեղ Ադրբեջանին պետք է, այդ վարչական քարտեզն էլ հիմք չի․ գալիս խորանում են Հայկական ԽՍՀ տարածքում։

Հասկանում եք չէ՞, որ այս բոլոր «մի կողմ թողնենք»-ները ինքնին բանակցությունների ժամանակ զիջումներ են հայկական կողմից։

Հիմա եկեք այս բոլոր զիջումներից հետո հասկանանք, թե արդյո՞ք ճանապարհները, ենթակառուցվածքային այլ օբյեկտները, քաղաքացիների տները այդ քարտեզների հիման վրա պիտի իսկապես անցնեն Ադրբեջանին։

Ոչ։ Նման հարցերի կարգավորման համար ԵԱՀԿ-ն ունի հրապարակված հատուկ ուղեցույց առ այն, թե ինչպես է պետք իրականացնել սահմանազատումն ու սահմանագծումը։ Հենց այդպես էլ կոչվում է․ «Պետական սահմանների սահմանազատում ու սահմանագծում․ ակտուալ հարցեր ու դրանց լուծման եղանակներ»։

Ուղեցույցն, իհարկե, ուղեցույց է․ այսինքն՝ խիստ ասած պարտավորեցնող չի, բայց բանակցությունների ժամանակ դա միջազգային գործընկերների համար հասկանալի ու ընդունելի հիմք է ու խաղի ընդունված կանոններ։

Ուղեցույցի հղումը մեկնաբանություններում կդնեմ, իսկ այստեղ որոշ մեջբերումներ։
Փաստաթուղթը հենց սկզբում հիշատակում է «պատմական ժառանգությունը», որը մենք պայմանավորվել ենք մի կողմ դնել։ Մասնավորապես փաստաթուղթն արձանագրում է, որ «Ուսումնասիրելով սահմանների նախկին փոփոխությունները, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել բոլոր փոփոխությունների պատճառներին ու իրավական հիմնավորումներին»։ Այնուհետև ասում է, որ «Այդ գիտելիքները կամրապնդեն բանակցային դիրքերը․․․»։

Բայց լավ, անցնենք առաջ։ Էլ ի՞նչ է ասում ուղեցույցը։

«Ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները պետության կենսական կարևորություն ունեցող զարկերակներ են, որով տեղափոխում են ապրանքներ, բեռներ ու ուղևորներ։»
Այո, այո, ուղեցույցը հենց այսպիսի ակնհայտ ու պրիմիտիվ լեզվով էլ գրած է․ այնպես, որ անգամ նիկոլական պատգամավորի համար ընկալելի լինի․ էլ չխոսեմ մսուր-մանկապարտեզի սաների մասին։

«․․․ որպեսզի բնակավայրերը չմնան մեկուսացված, անհրաժեշտ է պարզել, թե ճանապարհներից որն է ավելի կարևոր այս կամ այն պետության համար, որպեսզի բանակցությունների ժամանակ հնարավոր լինի պլանավորել ճանապարհի հատվածների փոխանակում ․․․»

Այնուհետ խոսվում է նաև ճանապարհներին կից էլեկտրասնուցման լարերի ու հարակից շերտերի մասին, որոնք անհրաժեշտ են ճանապարհի սպասարկման համար։
Հետո հերթը հասնում է հողաբարելավման (մելիորացիա) ու ոռոգման օբյեկտներին։ Այստեղ առանհերթ է դիտարկվում սեփականության իրավունքը։ Այդպիսի իրավունքի առկայության դեպքում օբյեկտը կից տարածքով, որն անհրաժեշտ է սպասարկման համար, փոխանցվում է սեփականատիրոջ պետությանը։

Ուղեցույցը նաև անդրադառնում է տարածքների փոխանակման հնարավորությանը այն հաշվով, որ փոխանակվող տարածքների բալանսը լինի զրոյական։ Մասնավորապես առաջարկվում է սահմանների օպտիմալացման հարցը դնել բանակցությունների օրակարգ, ընդ որում՝ նման դեպքում մատնանշում է, որ առաջանում են այնպիսի հարցեր, ինչպես օրինակ․

«․․․
– սահմանամերձ տարածքների բնակիչներին ավանդական տնտեսվարման պայմանների ստեղծում
– բնակավայրերի ու տնտեսվարման այլ օբյեկտնրի միջև տրանսպորտային կապի ապահովման նպատակով գոյություն ունեցած ճանապարհային ցանցի գործունակության պահպանում․․․» ևն, ևն։

Էլի հետաքրքիր լիքը բաներ կան, այդ թվում՝ միջազգային պրակտիկայից օրինակներ։ Ու, ի դեպ, ուղեցույցը նաև ասում է, որ բանակցությունները կարող են տևել տարիներ, միջինում 10 տարի և այդ ընթացքում անընդհատ կարող է տեղում ինչ-որ բան փոխվել, որը նույնպես պիտի հաշվի առնել։

Վահագն ՄԽՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում