Վերակառուցվում է Արտվինի հռչակավոր Իշխան եկեղեցին
Նմանատիպ
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Արտվինի Իշխան գյուղի հայկական Իշխան եկեղեցում, որը հայտնի է նաեւ «Արյունոտ վանք» անվամբ, վերանորոգման աշխատանքներ են սկսվել: Եկեղեցին վերանորոգվում է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ:
Հայկական Իշխան եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի կեսերին: Ժամանակի ընթացքում քանդված առաջին կառույցի փոխարեն Բագրատունյաց Սմբատ թագավորի կողմից 9-րդ դարի առաջին կեսին կառուցվել է մինչ այսօր կանգուն վանքը: Կառույցը գմբեթավոր բազիլիկ տեսակի է: Վանքի հարավարեւմտյան մասում Սուրբ Մարիամ Աստվածածին ժամատունն է:
Ավանդության համաձայն’ վանքի շինարարությունը տեւել է 8 տարի: Այն ավարտին է հասցրել Սմբատ արքայի դուստրը’ Հելենը: Վանքը կոչվում է նաեւ «Արյունոտ վանք» այն պատճառով, որ, ըստ ավանդության, գեղեցկուհի Հելենը պայման էր դրել, որ կամուսնանա այն երիտասարդի հետ, ում’ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատնից արձակած նետը կանցնի եկեղեցու վրայով: Շատ երիտասարդներ են փորձում կատարել այդ պայմանը, սակայն, ոչ ոքի դա չի հաջողվում: Նրանք բոլորը թաղվում են այն վայրում, որտեղ ընկնում էր իրենց արձակած նետը:
Մինչ 1915 թվականը’ Հայոց ցեղասպանությունը, վանքը գործել է: Ցեղասպանությունից հետո թուրքական բանակն այն, ինչպես եւ բազմաթիվ այլ եկեղեցիներ, 40 տարի շարունակ օգտագործել է որպես ախոռ:
Թուրքական կայքը հայտնում է, որ ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Իշխան եկեղեցի, որն իր աննման ճարտարապետությամբ եւ նախշազարդերով հմայում է բոլորին: Միայն անցյալ տարի 28 հազար զբոսաշրջիկներ են այցելել եկեղեցի: Թուրքական կողմը գտնում է, որ եկեղեցու վնասված մասերի վերանորոգումով այնտեղ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելի կմեծանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում