Իշխանության համար մամուլը և ազատ խոսքը հռչակվել են դասակարգային թշնամիներ. Սաթիկ Սեյրանյան

Իշխանության համար մամուլը և ազատ խոսքը հռչակվել են դասակարգային թշնամիներ. Սաթիկ Սեյրանյան

Տևական ժամանակ է` մամուլի, ազատ խոսքի նկատմամբ իրականացվում է և՛ բացահայտ, և՛ քողարկված քաղաքականություն: Իշխանությունները և նրանց սպասարկող շրջանակները թիրախավորում են լրագրողներին: Մամուլը բաժանվել է յուրայինների և օտարների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների միության նախագահ, 168.am կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Վերջինս նշեց, որ օրենսդրական կարգավորումներով փորձ է արվում էականորեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, ինչի վկայությունը տեսնում ենք ԱԺ-ում:
«Սոցիալական մեդիայում և այլ հարթակներում գեներացվում է մամուլի նկատմամբ թշնամանք: Տպավորություն է, որ մամուլը և ազատ խոսքը կարող են հռչակվել դասակարգային թշնամիներ, որոնք խանգարում են իշխանություններին իրագործել իրենց սիրած պողպատյա մանդատը»:

Սեյրանյանը ընդգծեց, որ այս արշավը ուղղված չէ միայն մամուլի դեմ, այն բացառապես քաղաքական և հասարակական խնդիր է, որը արտացոլում է ժողովրդավարության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը:

«Իշխանությունը դեռևս փորձում է պահպանել ժողովրդավարական կառուցակարգի իմիտացիան՝ միևնույն ժամանակ բովանդակային հարթությունում ամեն ինչ անելով ավտորիտար մթնոլորտի հաստատման համար»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում