Պուտինն անձամբ որոշիչ դեր խաղաց 44-օրյա պատերազմն ավարտելու հարցում․ Փաշինյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին, որին մասնակցել են նաև ԱՊՀ երկրների առաջնորդները:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իր ելույթում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Անկախ պետությունների համագործակցության այս հոբելյանական տարում նախագահությունն իրականացնում է Բելառուսը, որը, չնայած մի շարք համաճարակաբանական սահմանափակումներին, գործադրել է բոլոր ջանքերը համագործակցությունը խթանելու համար: 30-ամյակը լավ առիթ է կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու, կազմակերպության հետագա զարգացման ուղիները նախանշելու համար: Կազմակակերպության դերն ու կարևորությունը տարբեր փուլերում տարբեր կերպ են դիտարկվել:
Մենք աջակցում ենք ԱՊՀ ստեղծման 30-ամյակի կապակցությամբ Հայտարարությունը: Այն տալիս է ոչ միայն կազմակերպության գործունեության գնահատականը, այլ նաև նախանշում է դրա հետագա զարգացման ուղղությունները: Նախանշված են փոխգործակցության ուղիները, այդ թվում` «կանաչ» տնտեսության, թվայնացման, արդյունաբերական կոոպերացիայի, նորարարական տեխնոլոգիաների, բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կիրառման, փոքր և միջին բիզնեսի աջակցության ուղղությամբ: ԱՊՀ ուժեղ կողմերից մեկը միշտ եղել է հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը, որը, ի թիվս այլ բաների, կապ է ապահովում անցյալի և ապագայի միջև: Դրա վառ ապացույցն է, օրինակ, «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» ամենամյա երիտասարդական մրցույթը, որը վերջերս անցկացվեց Հայաստանի Սյունիքի մարզի մարզկենտրոնում՝ Կապան քաղաքում: Մենք ուրախությամբ աջակցում ենք Մոլդովայի Կոմրատ քաղաքը՝ 2023 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշմանը:
Մենք նաև աջակցում ենք քաղաքացիների կենսաբանական անվտանգության, միգրացիայի և ընտրական իրավունքների պաշտպանության և Համագործակցության անդամ երկրների ընտրական ինքնիշխանության երաշխիքների մասին հայտարարությունները:
Հարգելի գործընկերներ,
Օգտվելով առիթից՝ կցանկանայի կիսվել ձեզ հետ անցյալ տարվա պատերազմից հետո մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներով և ձեզ ծանոթացնել դրա ապագայի վերաբերյալ իմ պատկերացումներին:
Ինչպես բոլորդ գիտեք, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման: Մոսկվայի միջնորդական ջանքերի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ` նրա անվտանգությունն ապահովելու համար: Ռուսաստանի Դաշնությունը և նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր խաղացին 44-օրյա պատերազմն ավարտելու գործում: Նրանք այսօր ևս մեծ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Մենք շնորհակալություն ենք հայտնում այս ջանքերի համար և լիովին կիսում ենք այն փիլիսոփայությունը, որի վրա դրանք հիմնված են:
Մեր տարածաշրջանն այսօր գտնվում է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության ցուցաբերման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և հանգեցնել իրական խաղաղության ու կայունության պայմանների ստեղծմանը: Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականի հետ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում