Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանի ԱԳՆ խոսնակ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»:
Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ խոսնակն ասել է. «Իրանն առաջատար դեր է խաղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մենք ունեցել ենք հազարավոր նահատակներ և վիրավորներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում իրենց նվիրել են այդ վատ երևույթի դեմ պայքարին»:
Խաթիբզադեն շեշտել է նաև, որ միջազգային մարմինները հաստատել են այդ փաստը:Խոսնակը նշել է. «Ցավոք, Բաքուն մտադիր է լրատվամիջոցների համար հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի»:
Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրան-Հայաստան համատեղ համագործակցության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում