Սիրադեղյանը չի ուզել 72 ժամ ձերբակալվել՝ ՀՀ վերադառնալով. փաստաբանները զբաղվում էին․ 24News
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ նա 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն էլ իր համար ընդունելի չէր։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ փաստաբանները զբաղվում էին օրենքի հնարավոր փոփոխությամբ, սակայն վրա հասած համավարակն ու պատերազմը խանգարել են այն իրականացնել։
«Վանո Սիրադեղյանի որոշումն է եղել (չվերադառնալը-խմբ.)։ Օրենքը թույլ չէր տալիս, որ ուղղակի Վանո Սիրադեղյանը գար, օրենքն ասում էր, որ Վանո Սիրադեղյանը 72 ժամ պետք է ձերբակալվեր։ Կարծում եմ, որ այդ տարբերակն այդքան էլ ընդունելի չի եղել Սիրադեղյանի համար», – նշել է նա։
Ըստ Սուքիասյանի, «Սիրադեղյանը լավ տեղեկացված էր գործընթացներից, ուներ իր սկզբունքները և այդ հարցում նույնպես ուներ իր սկզբունքները»։
«Փաստաբանները զբաղվում էին, որ այդ օրենքը փոխեին, բայց հետո սկսվեց քովիդն ու պատերազմը, այս ամեն ինչը ձգձգվեց ու այսպես ստացվեց», – հավելել է նա։
«Իշխանության հետ կապված խնդիր չկար, կար խնդիր դատական համակարգի հետ», – նշել է պատգամավորը։
«Ափսոսում եմ, Վանո Սիրադեղյանը շատ խորը մտքի տեր, շատ տաղանդավոր, շատ խորը պատկերացումներով մարդ էր։ Այսօր շատ արդիական է իր ասածները», – ընդգծել է Սուքիասյանը։
Պատգամավորը նաև նշել է, թե տեղյակ չէ՝ արդյո՞ք իշխանությունները քննարկում են Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու հարցը, ինչպես պահանջել էր Հայ ազգային կոնգրեսը։
«Ինչքան գիտեմ, իր տեղափոխման հետ կապված իրավական խնդիրներ կան», – նկատել է նա ու ապա հավելել, որ վերջին տարիներին կարողացել է շփվել Սիրադեղյանի հետ։
«Շփումներ եղել են, այո՛, և իր սթափ ու հասուն մտածելակերպը ինձ միշտ զարմացրել է։ Վանո Սիրադեղյանն իրոք շատ տաղանդավոր մարդ էր», – ասել է նա՝ հավելելով, որ Սիրադեղյանը «վիրավորված չէր, և հենց այդտեղ է իր զարմանքը»։
«Նա ոչ մեկին չէր մեղադրում», – նկատել է Սուքիասյանը։
«Վանո Սիրադեղյանը, եթե վերադառնար, իշխանությանը ոչ միայն մրցակից չէր լինի, այլ նաև շատ պիտանի կլիներ իր խորհուրդներով և ոչ միայն իշխանությանը, այլև շատ շատերին», – եզրափակել է պատգամավորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում