«Ալեն Սիմոնյանը գալու է, նրա հովանավորներն էլ՝ հետը»․ գերիների հարազատները ճանապարհ են փակել. տեսանյութ

«Ալեն Սիմոնյանը գալու է, նրա հովանավորներն էլ՝ հետը»․ գերիների հարազատները ճանապարհ են փակել. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, Times․am: Գերիների, անհայտ կորածների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որպեսզի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և պարզաբանի իր հայտարարությունը, ըստ որի իր համար «գերիներ չկան, նրանք դասալիքներ են», հաղորդում է Aysor.am-ը։։

«Ինքը դրանով մեսիջ է տալիս թուրքին, ասում է՝ գերիներն ինձ պետք չեն, տուր սպանի»,- զայրացած նշեց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։

«Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ մենք գերի չունենք։ Իմ երեխան չկա՝ մեկ տարի երկու ամիս է, մենք հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու և ասելու, որ էսպես չի կարելի։ Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխայի՞ն։ Իմ երեխան կռվել է մինչև իր վերջին փամփուշտը ու հայտնի չէ, թե ուր է։ Իմ երեխան այնքան բան է արել, որ իրենք բոլորով հավաքվեն, չեն կարողանա անել», – ասաց նա։

Անհետ կորածների և գերի ընկած զինվորների ծնողներն իրենց հետ բերել էին զինվորների նկարները և պատրաստվում էին դրանք փակցնել կառավարության շենքի պատին, սակայն ոստիկաները միջամտեցին ու թույլ չտվեցին։

«Ով այսօր այնպես կանի, որ ես իմ երեխայից լուր չունենամ, ինքը ազգային տականք է։ Բոլորիդ երեխաները տանն են, հանգիստ նստած եք։ Թող մեկի երեխան մի քանի օր տուն չգա, տեսնեմ՝ ինչ կանեք։ Տարի երկու ամիս է՝ երեխայիցս լուր չունեմ։ Թող գնան բերեն, գործը քննեն, հասկանան՝ զենքը ինքնակամ գցել է, հանձնվե՞լ։ Թող դատեն, հարց չկա, բայց բերեն, ոչ թե տարի երկու ամիս տանեն բերեն, վերջում ասեն՝ գերի չունենք։ Այդ 300 հոգին ասե՞ղ էին, որ կորան։ Երկիրը կործանվում է, բոլորը կանգնած իրար երեսի են նայում»,- ասաց Արսեն Ղուկասյանը։

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ կառավարության շենքի մոտ սպասելու են Ալեն Սիմոնյանին։

«Ալեն Սիմոնյանը գալու է, նրա հովանավորներն էլ՝ հետը։ Պատասխան է տալու։ Իր գլուխը ոչ թե մեր առջև պետք է խոնարհի, այլ պիտի մտնի Եռաբլուր, չոքի ու հերոսներին ասի՝ ներեք, խնդրում եմ։ Մեզ նրա ներողությունը պետք չէ։ Հերոսներին պիտի պատասխան տա»,- ասաց գերիների ծնողներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ այս պահին մարզերից Երևան են ժամանում անհետ կորածների և գերիների ծնողները՝ միանալու կառավարության դիմաց կազմակերպված բողոքին։

Այնուհետև նրանք փակեցին ճանապարհը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում