Արցախը, որպես մեր նվիրական հայրենիքի մի հատված՝ Դուք Ձեր սրտում եք կրում․ Սարգսյանը՝ Մելիքյանին

Արցախը, որպես մեր նվիրական հայրենիքի մի հատված՝ Դուք Ձեր սրտում եք կրում․ Սարգսյանը՝ Մելիքյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին ծննդյան 85-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա´ն պարոն Մելիքյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Տասնամյակների Ձեր գիտական, մանկավարժական, հասարակական պատկառելի գործունեությամբ Դուք արժանի տեղ ունեք մեր ժողովրդի նվիրյալ զավակների շարքում, որի համար արժանիորեն վայելում եք համաժողովրդական սեր և հարգանք:

Ես ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները, որոնց մի զգալի մասը մեր հայրենիքի համար ամենածանր, միաժամանակ՝ ամենահերոսական տարիներին էին, երբ ստեղծվում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, և Դուք մեծագույն նվիրումով, ոգևորությամբ, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացողությամբ Ձեր ջանքերն էիք ներդնում պաշտպանության բանակի կայացման գործում:

Վստահաբար կարող եմ ասել, որ Դուք կանգնած լինելով ազգային-ազատագրական մեր նորօրյա շարժման ակունքներում՝ արեցիք հնարավոր ամեն ինչ կանոնավոր բանակի ստորաբաժանումների ձևավորման համար, որը չափազանց գնահատելի է:

Արցախը, որպես մեր նվիրական հայրենիքի մի հատված՝ Դուք Ձեր սրտում եք կրում, և պատերազմի ամենածանր տարիներին համալսարանից ռազմաճակատ Ձեր պարբերական դարձած այցերը հայրենասիրության վառ օրինակ էին Ձեր բազմաթիվ ուսանողների համար:

Անուրանալի է Ձեր ավանդը կրթության բնագավառում, այդ թվում՝ արևելագետների նոր սերնդի կրթման, Հայաստանում իրանագիտության զարգացման, երիտասարդության հայրենասիրական ոգով դաստիարակման գործում, որոնց համար իրավամբ արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին:

Որպես ազնիվ, հայրենանվեր մտավորական, բարեգործ, իմաստուն ու

լուսավոր մարդ, Դուք մնացել եք Ձեր առաքելությանն անդավաճան և այսօր էլ սրտի մեծ ցավով եք հետևում Արցախում ու մայր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Կրկին շնորհավորելով նշանակալի տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և երջանիկ կյանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում