Կասկածում և տարակուսած եմ, Անկարայի կողմից միայն շարունակական պահանջներ ենք տեսնում. Այվազյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսելում կայանալիք հանդիպումն էական փոփոխության չի բերի։ Ինչպես փոխանցում է 24News-ը, այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը՝ նշելով, որ «երկխոսությունը լավ է, սակայն տեսել ենք, թե դրանից հետո ինչպիսի լարվածություն է գրանցվում սահմանին»։
«Չեմ կարծում, որ որևիցե էական փոփոխություն լինի, միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց մենք տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահվում ձեռքբերված պայմանավորվածությունները և շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է։ Հույս ունեմ, որ այս հանդիպումը կարող է որոշ առաջընթաց արձանագրի հատկապես հումանիտար հարցերի մասով», – նշել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի կողմից հարաբերությունները կարգավորելու նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու փաստը՝ Այվազյանը հիշեց «բարեկամներիդ հետ մոտիկ եղիր, բայց թշնամիներիդ հետ՝ ավելի սերտ» արտահայտությունը՝ հավելելով, որ «հատկապես Հայաստանի կողմից բոլոր ժամանակներում եղել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ձգտում»։ «Անշուշտ, պետք է տարբերակել նորմալ պայմաններն ու այսօրվա իրավիճակը՝ հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմի մեջ և հնչեցվող նոր նախապայմանները ՀՀ-ի նկատմամբ։ Շատ կարևոր է, թե ԱԳՆ մեր գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տարվելու բանակցությունները։ Այսօր ես նկատեցի, որ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր՝ առանց նախապայմանների»։
Անդրադառնալով «3+2» ֆորմատի մեջ Հայաստանի հնարավոր ներգրավվածությունը, ԱԳ նախկին նախարարը նշեց, որ մտավախություն ունի, թե այն կարող է փորձել չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը։
«Երբ ես ԱԳ նախարար էի, ասում էի, որ ժամանակն անցել է խոսքեր լսել ու սպասում ենք պաշտոնական Անկարայի կողմից դրական քայլերի։ Ցավոք սրտի, մենք ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ ու բարիդրացիական հարաբերություններին ոչ բնորոշ քայլեր։ Դրա համար ես տարակուսած եմ ու կասկածում եմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս «3+2» ֆորմատը», – հավելեց նա։
Մեկնաբանելով Մինսկի խմբի գործունեությունը՝ Այվազյանը նշեց, որ «ի տարբերություն Բաքվի և Անկարայի, համանախագահները հայտարարում են, թե Ղարաբաղի հարցը լուծված և փակված չէ»։ «Վստահ եմ, որ մեր դիվանագիտությունը կշարունակի իր կոնստրուկտիվ ներգրավվածությունը, և ինչ-որ պահի համանախագահները կկարողանան այցելել տարածաշրջան։ Հիմա իրենք խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը, որի համար պետք է այցելեն տարածաշրջան», – նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում