Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է

Երևանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։ Այս մասին գրում է News.am-ը։

Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին։

Նշենք, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները: (Այս պահանջն արդեն իսկ կատարված է եւ նախագծում որպես թեկնածու նշված է Հրաչյա Սարգսյանի անունը):

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (ավագանին ունի 65 անդամ եւ իշխանական խմբակցությունն ունի մեծամասնության ձայներ, սակայն կան անդամներ, որոնք դեմ են այդ նախագծին եւ արդեն հայտնել են այդ մասին):

Նշենք, որ ավագանու ԲՀԿ խմբակցությունը միացել է անսվտահություն հայտնելու գործընթացին, իսկ «Լույս» խմբակցությունից գործխընթացին կողմ է արտահայտվել միայն Անի Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում