«Էրդողանը զառանցում է, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում խոսում են, որ նա խելքը թռցրել է»
Նմանատիպ
Ֆրանսիացի մտածող Բեռնար-Հենրի Լեւին Եգիպտոսի իրադարձությունների համար Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի’ Արեւմուտքին ուղղված մեղադրանքների առնչությամբ հայտարարել է, որ «Էրդողանը զառանցում է, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում խոսում են, որ նա խելքը թռցրել եւ հիմարություններ է դուրս տալիս. բոլորն արդեն ծիծաղում են նրա վրա»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի թղթակից Դույգու Գյուվենչի հետ զրույցում Լեւին ասել է. «Իր բնական գործընկերների հետ հարաբերությունները նորմալացնելու համար, այսինքն’ դեմոկրատական երկրների եւ հատկապես Իսրայելի հետ հարաբերութունները նորմալացնելու համար Թուրքիան այլեւս պետք է փակի Էրդողանի էջը»:
Լեւին ասել է, որ ամեն անցնող օր Թուրքիայի միայնականալը Էրդողանի նախապատվությունն է: «Էրդողանը թիկունքով է շրջվել դեպի ժամանակակից աշխարհը, երես թեքել աշխարհիկությունից եւ շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Նրա այդ քաղաքականության պատճառով է Թուրքիան միայնակացել, ինչը պատմական տեսակետից մեծ սխալ է»,- նշել է նա:
Ֆրանսիացի մտածողը եվրոպացիներին մեղադրել է անպատասխանատվության մեջ այն բանի համար, որ, տեսնելով, թե Էրդողանի կառավարման 12 տարիների ընթացքում ինչպես է Թուրքիան երես թեքել Եվրոպայից, ինչպես է փորձում ժողովրդավարության եւ արդարության դասեր տալ այդ արժեքները ստեղծած եվրոպացիներին, սահմանափակում ազատությունները, շրջափակելով’ փորձում խեղդել Հայաստանը, փորձում մեծացնել իր ազդեցությունը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախացած միջինասիական մահմեդական երկրներում, Եվրոպան աչք է փակել այդ ամենի վրա: «Դա մեր’ արեւմտյան եվրոպացիներիս պատասխանատ վությունն է, եւ դա նողկալի մի բան է», -ասել է Լեւին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում