Հայկ Մարությանը դեռևս շարունակում է մնալ Երևանի ավագանու անդամ

Հայկ Մարությանը դեռևս շարունակում է մնալ Երևանի ավագանու անդամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամի իր մանդատն առայժմ վայր չի դրել։ Այս մասին 24News-ին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։

Իոսիֆ Կուբատյանն ասաց, որ Մարությանը դեռևս շարունակում է մնալ ավագանու անդամ։ Հարցին՝ նախատեսվա՞ծ է փոխքաղաքապետերի փոփոխություն, Կուբատյանը պատասխանեց, որ առնվազն մեկի փոփոխություն նախատեսվում է։ «Որովհետև Հրաչյա Սարգսյանը փոխքաղաքապետ էր», – նշեց նա։

Կուբատյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ով է առաջին փոխքաղաքապետի թեկնածուն։ «Առաջին փոխքաղաքապետը պետք է ավագանու անդամ լինի։ Այս հարցն արդեն ավագանու դաշտում է, ավագանին է ընտրելու, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել», – եզրափակեց նա։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը 24News-ին ասաց, որ դեռ տեղեկություն չունի՝ ո՞վ կլինի Երևանի առաջին փոխքաղաքապետը, արդյո՞ք նախատեսված է մյուս փոխքաղաքապետերի փոփոխություն։

«Երբ որ հստակորեն ստանձնի քաղաքապետի պաշտոնը, արդեն պարոն Սարգսյանի հետ պետք է այդ հարցը քննարկվի։ Բայց մինչև այս, խմբակցությունում քննարկումներ չենք ունեցել, ու նման ինֆորմացիա չունեմ, որ Ձեզ փոխանցեմ», – եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել էր ավագանու 57 անդամ, որոնցից 44-ը կողմ է քվեարկել Մարությանին անվստահություն հայտնելու և Սարգսյանին քաղաքապետ ընտրելու նախագծին, 10-ը՝ դեմ։ Անվավեր էր համարվել 3 քվեաթերթիկ։ Երեկ իր ելույթում Հայկ Մարությանը պաշտոնանկության գործընթացը որակել էր որպես «հեղաշրջում», իսկ ավագանու իմքայլական մեծամասնությունը պաշտոնանկ անելու գործընթացը պատճառաբանում էր նրա՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում