Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով. զոհված զինվորի գրառումը

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով. զոհված զինվորի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, Times․am: Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում երեկ զոհված՝ ժամկետային զինծառայող Ռուդիկ Ղարիբյանը, Արցախյան 44-օրյա պատերազմից ավարտից մեկ օր անց՝ նոյեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պատերազմը չի ավարտվել …

Յուրաքանչյուր հայ` մեծ ու մանուկ, կին, թե տղամարդ, ամեն մեկս զինվոր ենք:

Այս պատերազմը դարերի պատմություն ունի, որը պետք է ավարտվի մեր հաղթանակով: Հաղթանակ, որը կտրվի ոչ միայն զենքի, այլ նաև գիտելիքի ու միասնականության շնորհիվ:

Դիմում եմ աշակերտներին ու ուսանողներին: Այսուհետ սովորում ենք մեր առավելագույն ուժերի չափով, ոչ թե ուղղակի դիպլոմի կամ հետագալում աշխատանք ունենալու համար: Ուսուցչին/դասախոսին պիտի պահանջենք մեզ կրթել, մեզ կիրթ սերունդ է անհրաժեշտ:

Միջազգային մրցույթների առաջին հորիզոնականները մեր դրոշին են սպասում:

Հիշե՛ք, Հայաստանը դեռ շատ է ունենալու կրակի ճիշտ հաշվարկողների կարիք, շատ է ունենալու լավ բժիշկների, լավ շինարարների ու ճարտարապետների կարիք, լավ տնտեսագետների կարիք: Եվ այս ամենը կպսակվի հաջողությամբ, եթե չդադարենք մեր ներուժն ուղղել կրթելու և կրթվելու վրա:

Ես հավատում եմ քեզ՝ իմ հայ ազգի ներկայացուցիչ: Մենք կհանդիպենք տարիներ անց, մեր երկիրը շենացնելու ժամանակ:

Ու թե ամբողջ աշխարհն էլ գերեզման դառնա, մեկ է, վերջին ծաղիկ դնողը հայն է լինելու»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում