Իրաքյան սցենարը չի կրկնվի Սիրիայում. Ռուբեն Սաֆրաստյան
Նմանատիպ
Սիրիայում քիմիական զենք կիրառելու շուրջ ստեղծված իրադրության ֆոնին ԱՄՆ ռազմական միջամտության մասին խոսելը վաղաժամ է,-նշեց արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Ես կարծում եմ, որ վաղ է դրա մասին հիմա խոսելը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում եւ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտեցնում են իրենց ուժերը Սիրիայի սահմանին վկայում է այն մասին, որ դեռեւս նախապատրաստական աշխատանքներ են տարվում, եւ ես համոզված չեմ, որ ամերիկացիները վերջնական որոշում ընդունել են»,- ասաց արեւելագետը:
Սաֆրաստյանը կարեւորեց Ռուսաստանի դերը ԱՄՆ ռազմատենչ նախապատրաստությունները կանխելու հարցում՝ հիշեցնելով օգոստոսի 25-ին խնդրի առնչությամբ ՌԴ արձագանքը: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ոչ թե ընդհանուր հայտարարությունների հիման վրա եզրակացություններ անել Սիրիայում քիմիական զենքի կիրառման եւ կիրառողների մասին, այլ ՄԱԿ-ի փորձագետների գնահատականի: Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Սիրիայի իշխանությունները օգոստոսի 25-ին թույլատրել են ՄԱԿ-ի փորձագիտական խմբին՝ ուսումնասիրել քիմիական զենքի կիրառման տարածքը: «Ամենակարեւորն առաջին հերթին պետք է ս պասել ՄԱԿ-ի մասնագիտացված խմբի եզրակացությանը»,- ասաց արեւելագետը՝ հավելելով, որ ԱՄՆ կողմից Սիրիայի իշխանություններին ներկայացվող մեղադրանքը քիմիական զենք կիրառելու մասին չի կարելի ընդունել որպես հիմք, քանի որ կան նաեւ այլ մեղադրանքներ: «Կան մեղադրանքներ, որ քիմիական զենքը կիրառվել է ապստամբական ուժերի կողմից եւ կարծես թե այդ մեղադրանքներն ավելի հիմնավոր են»,- նկատեց Սաֆրաստյանը:
Նա հավանական չհամարեց Իրաքի սցենարի կրկնությունը՝ ներկայիս աշխահաքաղաքական իրադրությունը հաշվի առնելով: «Հիմա աշխարհում այլ է իրադրությունը, հիմա Ռուսաստանը այլ է: Ռուսաստանի պոտենցիալ հնարավորությունները եւ քաղաքական վճռականությունն ավելի բարձր մակարդակի վրա են»,- եզրափակեց արեւելագետը:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում կառավարության զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, թե զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո կողմերը ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: ԱՄՆ-ը մեծացրել է Սիրիայի շուրջ ռազմական ներկայությունը՝ ակտիվացնելով ռազմական միջամտության սցենարի քննարկումները: Սիրիայի կառավարությունը օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում