ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին երկխոսությունը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ի պատասխան, թե որն է հայ-թուրքական ընթացիկ երկխոսության հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը:
«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։