Հոգեւորականն ու արվեստաբանը չափազանցված են համարում Մշո Սբ Կարապետ եկեղեցուն վերագրվող խաչի արժեքը
Նմանատիպ
Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն վերագրվող խաչի արժեքը խիստ չափազանցված է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատան և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:
«Հիանալի կլիներ, որ գտնվեր բարերար և այդ ճաճանչախաչը վերադառնար հարազատ օջախ, բայց պետք է ասեմ, որ գինը խաչի համար չափազանցված է»,-ասաց Տեր Ասողիկը’ ընդգծելով, որ Մայր Աթոռը քայլեր ձեռնարկել է խաչը ձեռք բերելու ուղղությամբ, սակայն ոչ այդ արժեքով: Նա տեղեկացմամբ’ ճիշտ չէ նաև խաչը բացառիկ համարելը’ հաշվի առնելով նրա գեղարվեստական, ոճական առանձնահատկությունները, ինչպես նաև թվագրությունը. այն է’ 18-րդ դար: «Այս ճաճանչախաչը բնավ «հազվագյուտ նմուշ» չէ. նմանատիպ բազմաթիվ խաչեր կան Սուրբ Էջմիածնի գանձատանը, որոշ հայրենի և արտասահմանյան թանգարաններում»,-ասաց Տեր Ասողիկը’ նշելով, որ արվեստի գործը վերածել են առևտրի:
Արվեստաբան Կարեն Մաթևոսյանը ևս ուռճացված է համարում խաչի գինը’ նկատելով, որ փորձում են հայերի զգացմունքների հետ խաղալ։ «Կարծում եմ’ աճուրդի կազմակերպիչները պատշաճ փորձաքննություն արած կլինեն’ համոզվելու, որ խաչը բնօրինակն է։ Այդուհանդերձ, առաջարկվող գինը չափազանցված է: Այդպիսի խաչեր մեր թանգարաններում շատ կան»,-ասաց Մաթևոսյանը:
eBay առցանց աճուրդի կայքում հայտնվել է Մշո Սուրբ Կարապետ եկեղեցուն վերագրվող խաչ։ Այն գնահատվել է 70 հազար ԱՄՆ դոլար։ Դա վաճառողների կողմից բնութագրվել է որպես հայկական խաչի «հազվագյուտ նմուշ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում