Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետեւում Քրիստոսի արձանի կառուցման նախագծի ընթացքին

Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետեւում Քրիստոսի արձանի կառուցման նախագծի ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անձամբ է հետեւում Քրիստոսի արձանի տեղադրման իր նախաձեռնության արձագանքներին, ծանոթանում մասնագետների ներկայացրած նախագծերին։

Այս անգամ Գագիկ Ծառուկյանին իր նախագիծն է ներկայացրել քանդակագործ Արմեն Սամվելյանը։

Նրա առաջարկած հուշարձանային համալիրը մի քանի բաղադրիչ ունի՝ ներքեւում մոմավառության համար առանձնացված վայր, վերեւում թանգարան ու դիտակետեր։ Հիսուսի արձանից բացի առաջարկվում է տեղադրել նաեւ 12 առաքյալների արձանները։

Գ. Ծառուկյանը կարեւոր է համարում, որ միայն արձանն ունենա խորհրդանշական բարձրություն՝ 33 մետր ու նշում, որ ընտրվելիք նախագիծը պետք է ընդունելի լինի ժողովրդի մեծամասնության համար։ Կներկայացվեն բոլոր գործերը, կնայեն և կընդունեն ամենալավը, ամենահզորը, ամենակարողը, ինչից հետո ժողովրդի հետ կքննարկվի նաեւ վայրը- նշել է Գ. Ծառուկյանը։

«Մենք քրիստոնյա ազգ ենք, առաջին քրիստոնյա ազգն աշխարհում, բոլորն էլ հավատացյալ են, հավատում են, հավատքով են մոտենում։

Պետք է կարողանանք հույսը, հավատը վերականգնենք, միավորենք, որովհետև հայ ժողովուրդը միշտ տեսել է չարչարանք, տանջանք, կորուստներ, բայց մենք չենք կոտրվել, պետք է համախմբվել, որ լինի հույս, ճանապարհ և վերադարձնենք կորցրածը»,- ասել է Ծառուկյանը։

Նախատեսվում է, որ Քրիստոսի հուշարձանային համալիրը դառնալու է առաջին Քրիստոնյա պետության այցեքարտը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում