Թուրքիան կմիանա Սիրիայի դեմ ցանկացած կոալիցիայի. Դավութօղլու
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը կմիանա Սիրիայի դեմ ցանկացած միջազգային կոալիցիայի: Այս մասին Դավութօղլուն ասել է թուրքական «Միլլի գազեթե» թերթին տված հարցազրույցում:
Նրա խոսքով’ Թուրքիան կմիանա Սիրիայի դեմ ցանկացած միջազգային կոալիցիայի’ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման բացակայության դեպքում: «ՄԱԿ-ն ու միջազգային հանրությունն այլեւս չպետք է դիտորդի դերում գտնվեն Սիրիայում Բաշար Ասադի կողմից իրագործվող մարդկության դեմ հանցագործության նկատմամբ: Նրանք, ովքեր մարդկության դեմ հանցագործություն են գործում, պետք է պատժվեն», -հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքիայի իշխանությունները բազմիցս քննադատել են միջազգային հանրությանը Սիրիայի հարցում վճռորոշ դիրքորոշում չընդունելու համար: Սիրիայի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ի մինչ այժմ ընդունած որոշումներին դեմ են հանդես եկել Չինաստանը եւ Ռուսաստանը:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Դավուօղլուի միջեւ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմերը եկել են այն եզրակացության, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը կրկին վետո դնեն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմանը, ապա ՄԱԿ-ի ԱԽ մնացած անդամները ստիպված կլինեն դիմել «այլ միջոցների», որպեսզի կանգնեցնեն արյունահեղությունը Սիրիայում:
Մասնավորապես, թուրքական «Հուրիեթ» թերթը հայտնել է, որ Սիրիայի դեմ Արեւմուտքի երկրների ռազմական արշավի դեպքում, հնարավոր է’ օգտագործվի թուրքական Ինջիռլիկ ավիաբազան, որի օգտագործման հարցը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ին 11 երկրների ռազմական հրամանատարության բարձրաստիճան ղեկավարների’ Հորդանանում տեղի ունենալիք հավաքի ժամանակ:
Սիրիայում իրադրության հերթական սրումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին, երբ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել են Դամասկոսի շրջակայքում քիմիական զենք օգտագործվելու մասին, որի հետեւանքով, նախնական տվյալներով, 600, իսկ Սիրիայի ընդդիմության տվյալներով’ 1,3 հազար մարդ է զոհվել: Միջադեպից հետո հակամարտության կողմերը հայտարարել են իրենց մասնակից չլինելու մասին’ տեղի ունեցածի մեջ մեղադրելով հակառակ կողմին:
Միջադեպի փաստի առնչությամբ ՄԱԿ-ի փորձագետները ստուգումներ են կատարում Սիրիայում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ քիմիական զենքի կիրառումը Սիրիայում կհանդիսանա «կարմիր գիծ» Բաշար Ասադի վարչակարգի համար: Արեւմուտքի որոշ երկրներ արդեն արտահայտվել են Սիրիայի դեմ ներխուժման օգտին, իսկ որոշ ԶԼՄ-ներ հայտնում են այդ երկրների ծովուժերի եւ օդուժերի’ Սիրիա ներխուժելու նախապատրաստության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում