Արաբկիրում կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, Times․am: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին տեղեկություններ ստացան, որ ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը, որը Երևանի բնակիչ է, թաքնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում։ Նույն օրը երեկոյան հիշյալ ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 11-ին Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել։ Նախ Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ռիգայի փողոցում են կրակոցներ հնչել, ապա նոր ահազանգ էր ստացվել, որ կրակոցներ են հնչել նաև Հրաչյա Քոչարի փողոցում։ Ահազանգողների նշած հասցեներով մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Արաբկիրի 29 փողոցի թիվ 2 շենքի հարակից տարածքում մի խումբ անձինք վիճել էին։ Պարզվել էր մասնակիցների ինքնությունը, նաև վեճի պատճառը. ավտոմեքենայի լվացման հարցի շուրջ էին վիճել։ Այդ ընթացքում մասնակիցներից 39-ամյա տղամարդը ապօրինի ինքնաձիգով կրակոցներ էր արձակել միջադեպի մասնակիցներից մեկի հոր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավոտմեքենայի ուղղությամբ։ Այնուհետև կրակոցներ էր արձակել դեպքի վայրից փոքր ինչ հեռանալուց հետո և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հեռացել էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի 10 պարկուճ: Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ կրակոցներն արձակել էր 39-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի 14-ին՝ դեպքից երեք օր անց, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում՝ խուլիգանության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ամիսներ տևած միջոցառումներից հետո փետրվարի 9-ին հետախուզվողը հայտնաբերվեց։ Նա ներկայացրել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Բացի այդ, նրա հայտնաբերման վայրի զննությամբ առգրավվել է «Մակարով» ատրճանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում