Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանել է տեղահանված հադրութցիների նամակին․ խնդրից տեղյակ է Մակրոնը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանել է տեղահանված հադրութցիների նամակին․ խնդրից տեղյակ է Մակրոնը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, Times․am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի ստորագրությամբ նամակով պատասխանել է տեղահանված արցախցիների դիմում-նամակին։ Այս մասին 24News-ին ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանը։

Նամակը Ֆրանսիայի դեսպանություն էր փոխանցվել 2021 թվականի հոկտեմբերի 26-ին։

«Պատասխանել են, որ ուշադիր հետևում են, մեր մտահոգությունները կիսում են, ամեն ինչ անում են և՛ տնտեսական, և՛ քաղաքական ուղղությամբ։ Եվ ամենակարևորը ասել են, որ կապ պահենք դեսպանատան հետ։ Նամակը Մակրոնին էինք ուղղել։ Սա հադրութցի 240 ընտանիքի ստորագրությամբ նամակի պատասխանն է։ Նամակով խնդրել էինք քաղաքական ապաստան տալ։ Ասել են, որ «աշխատում ենք Ղարաբաղի հարցի քաղաքական լուծումների ուղղությամբ», – ասաց Հայրյանը։

«Դե որ նամակի մեջ գրել են՝ «դեսպանատան հետ կապ պահեք», եզրակացրինք, որ կընդունեն, այն ժամանակ մանրամասն կխոսենք այնտեղ», – նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահը։

Հայրյանը նաև ասաց, որ ուրբաթ են ֆրանսիական դեսպանությունից տեղեկացրել պատասպան նամակի մասին․ «Բայց պատասխանն այսօր ենք վերցրել։ Հիմա ուզում եմ գնալ մեր արտգործնախարարություն, ասեմ, որ Ժան-Իվ Լը Դրիանը պատասխանում է մեր նամակին, դուք ինչո՞ւ չեք պատասխանում»։

24News-ի տրամադրության տակ է հայտնվել Ֆրանսիայի ԱԳՆ-ի ստորագրած նամակի լուսանկարը, որում նշվում է, որ հադրութցիների նամակը փոխանցվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և «արժանացել նրա համակ ուշադրությանը։ Վերջինս հանձնարարել է ինձ պատասխանել Ձեզ»։ Նամակում նշվում է, որ Ֆրանսիան «շարունակում է հավատացած մնալ [Հայաստանի և Ադրբեջանի] կողմերի միջև երկխոսության վերսկսման կարևորության մեջ՝ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հասնելու նպատակով, ինչ անհրաժեշտ է Ձեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար»։

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ից խոսացել էին հնարավորինս շուտ հանդիպում կազմակերպել Քաշաթաղից, Շուշիից, Հադրութից տեղահանվածների ներկայացուցիչների հետ, որոնք այդ օրը Հանրապետության հրապարակի շատրավանների մոտից երթով շարժվել էին ու նամակ-դիմում փոխանցել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին, հետո՝ ԱԳՆ-ին, նաև հանդիպում պահանջելով ղեկավար կազմի հետ։ Այդ օրը լրագրողների հետ զրույցում Հայրյանն ասել էր, որ դիմումի մեջ տեղ են գտել հետևյալ պահանջները՝ Արցախի Հանրապետության վերադարձ և առնվազն 1994 թվականի սահմանների ճանաչում, տեղահանվածներին փախստականի կարգավիճակի տրամադրում, իսկ փախստականի կարգավիճակի տրամադրման պարագայում Հայաստանում տեղահանվածների բնակության համար առանձին ավանի կառուցում։

Հայրյանն ասաց, որ վաղը՝ ժամը 12։00-ին, հանդիպելու են ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ՝ քննարկելու տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում