«Վաղ գարնանը Սյունիքում պետք է սպասել նոր պատերազմի». ռազմական փորձագետ

«Վաղ գարնանը Սյունիքում պետք է սպասել նոր պատերազմի». ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, Times․am: «Նոր պատերազմը սարերի հետևում չէ, ասեմ ավելին՝ այն պետք է սպասել մի քանի շաբաթից՝ վաղ գարնանը, այս անգամ Սյունիքում։ Չնայած խաղաղության պայմանագրի մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի բարձրագոչ հայտարարություններին, իրականում նա բոլորովին էլ խաղաղության չի ձգտում», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝մեկնաբանելով այսօր Ակնա կատարած այցի ընթացքում Ալիևի այն հայտարարությունը, թե Բաքուն շարունակում է մեծ աշխատանք իրականացնել ռազմական զարգացման ոլորտում, որպեսզի պատասխանի Հայաստանի զինված ուժերին։

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից, մամուլում շրջանառության մեջ է մտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ակնա կատարած այցի ընթացքում հնչեցրած հերթական սպառնալիքները, որտեղ վերջինս հիշեցնում է, թե 44 օրյա պատերազմի ավարտից ի վեր, Ադրբեջանը չի դադարել ռազմական ուղղությամբ վերազինվելու իր քաղաքականությունը՝ հայկական զինված ուժերին պատասխան տալու համար. «Մենք արյուն թափելով եկանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ»,- ասել է Ալիևը:

Վերջինս անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի թեմային, նշելով, թե այն անպայման պետք է տեղի ունենա։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել է Ալիևը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է սակայն ՝ Ադրբեջանը խաղաղության մասին չի էլ մտածում, փոխարենն այնտեղ օրակարգային և կարևոր թեմա է շարունակում մնալ Սյունիքով անցնելիք տրանսպորտային ուղիների հնարավորինս արագ վերագործարկման հարցը. «Բաքուն չի հրաժարվել ռազմական ուղիով հարցերի լուծման իր որդեգրած քաղաքականությունից։ Դա ենթադրելի էր ոչ միայն իր վերջին հայտարարությունից, այլ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթից։ Բաքուն այսօր խաղաղության չի ձգտում, ասեմ ավելին՝ ամեն ինչ անելու է որպեսզի այդ Խաղաղության պայմանագիր կոչվածը, նույնիսկ իրենց իսկ առաջ քաշած պայմաններով, որևէ կերպ տեղի չունենա։ Խնդիրը նրանում է, որ Բաքուն այսօր ոչ թե Արցախի կարգավիճակի հետ կախված որևէ խնդիր ունի, այլ նրա խնդիրը շարունակում է մնալ Սյունիքին ու այնտեղ սեփական ճանապարհն ունենալու իր երազանքը։ Այստեղից հետևություն անելով, կարծում ե, որ այսօրվա Ալիևի արած հայտարարության երկրորդ մասը, որով նա հերթական ռազմական սպառնալիքն էր ուղղել հայկական կողմին, ավելի ազնիվ էր, քան այն, թե նա խաղաղության է ձգտում։

Խոսելով խաղաղության մասին Ադրբեջանի նախագահը, պարզապես, հերթական թոզն է փչում միջազգային հանրության աչքին՝ փորձելով խաղաղասեր երևալու պատրանք ստեղծել և ոչ ավելին»,- ասում է ռազմական փորձագետը։

Վերադառնալով հավանական նոր պատերազմի վերսկսման թեմային, Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ չի կարող հստակ ասել, թե հատկապես ո՞ր ուղղությամբ կարող է լինել հարվածը. «Չեմ բացառում, նույնիսկ, որ դա կարող է լինել Տավուշի ուղղությամբ, որպեսզի՝ շեղելով ուժերի հարաբերակցությունը՝ փորձի հաջողություններ գրանցել Սյունիքում իրական ռազմական գործողություններ կատարելիս։ Ամեն դեպքում, դեռևս անցյալ աշնան եմ խոսել այս մասին և զգուշացրել եմ, որ 2022-ի վաղ գարնանը Սյունիքում ռազմական գործողություններ են սկսվելու, ինչի մասին, Բաքուն որևէ կերպ չի թաքցնում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում