Դոնբասի զարգացումները հիշեցնում են թուրք-ադրբեջանական տանդեմի՝ 2020-ին սանձազերծած ողբերգությունը

Դոնբասի զարգացումները հիշեցնում են թուրք-ադրբեջանական տանդեմի՝ 2020-ին սանձազերծած ողբերգությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: Արցախում անհանգստությամբ են հետևում Դոնբասում իրավիճակի սրման մասին լուրերին: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: Ըստ նրա՝ քաղաքացիական բնակչության տարհանումը, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները, այլ զարգացումներն աստիճանաբար սկսում են հիշեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից 2020 թ.-ին սանձազերծած հումանիտար ողբերգությունը։

Նա հույս է հայտնել, որ առողջ դատողությունն ու մարդասիրությունը կհաղթեն այս իրավիճակում և հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել ինչպես Դոնբասում, այնպես էլ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի կենսական կարևոր շահերը:

«Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ավանդաբար եղել է այն բացառիկ աշխարհաքաղաքական կետերից մեկը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցել են հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։

Չնայած այդ համատեղ ջանքերն արդյունք չտվեցին Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի և միջազգային խիստ կանխարգելիչ արձագանքի բացակայության պատճառով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ համագործակցության բազմամյա դրական փորձը կարելի է կիրառել Դոնբասում և հասնել հակամարտության երկարաժամկետ կարգավորման», – հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում