Վերջին ժամերին ռուսական կողմին հաջողվել է բոլոր ճակատներում էականորեն բարելավել իր դիրքերը

Վերջին ժամերին ռուսական կողմին հաջողվել է բոլոր ճակատներում էականորեն բարելավել իր դիրքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, Times․am: Ուկրաինայում շարունակվող Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունների շրջանակում ռուսական զորքերն այսօր մտել են Խերսոն քաղաք։ Առավոտյան ժամերից տեղի բնակիչները տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է, թե ինչպես է հետևակը դիրքավորվում քաղաքի տարբեր փողոցներում և վարչական շենքերի մոտ։ Իսկ քիչ առաջ Խերսոն է մտել նաև ռուսական զինտեխնիկա։

Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ ծովափնյա քաղաքը նույնպես, ըստ ամենայնի, առաջիկա ժամերին կհայտնվի Դոնեցկի Հանրապետության և Ռուսաստանի համատեղ զորքերի վերահսկողության ներքո։ Հիշեցնենք, նախօրեին վերջիններիս հաջողվել էր մտնել քաղաքի արվարձաններ, իսկ այսօր արդեն նրանք հաջողությամբ շարունակում են գրոհել քաղաքը։ Ուկրաինական դիմադրությունն այս պահին չափազանց թույլ է։

Նույն իրավիճակն է նաև Խարկովում։ Երեկ առավոտյան ռուսական զորքերն արդեն քաղաքի արևմտյան հատվածներում էին։ Այսօր նրանք մտել են նաև արևելյան շրջաններ և շարունակում են գրոհել Խարկովի կենտրոնը, որտեղ ուկրաինական կողմը դեռևս փորձում է դիմադրություն ցուցաբերել։ Ռուսական զորքերը վերջիններիս դեմ նաև հրետանի և ավիացիա են կիրառում։

Ուկրաինացիների վիճակը ծայրահեղ ծանր է նաև Կիևի շրջակայքում։ Ինչպես արդեն գրել ենք, ռուսական զինտեխնիկայի չափազանց մեծ քանակ է բերվել դեպի Կիև։ Այս պահի դրությամբ Ռուսաստանի բանակը հաջող գործողություններ է իրականացնում։ Ամրապնդելով իրենց դիրքերը Կիևից արևմուտք և հարավ-արևմուտք ընկած հատվածներում՝ երկու օր է ռուսական զորքերն ակտիվ գործողություններ են իրականացնում նաև քաղաքից արևելք ընկած Չերնիգովի և Սումայի շրջաններում։ Այս պահին ռուսական զորքերը հիշատակված տարածքներից առաջանում են դեպի Բրովար և Բորիսպոլ (այստեղ է Կիևի միջազգային օդանավակայանը)՝ հընթացս փակելով դեպի Ժիտոմիր տանող մայրուղին։ Ըստ կանխատեսումների, առաջիկա մեկ-երկու օրերին Կիևը կհայտնվի լիարժեք շրջափակման մեջ, որից հետո ռուսական զորքերը կփորձեն մուտք գործել քաղաք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում