Մի կողմից ռազմական հատուկ օպերացիա, մյուս կողմից՝ բանակցություններ

Մի կողմից ռազմական հատուկ օպերացիա, մյուս կողմից՝ բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, Times․am: Այսօր հայտնի դարձավ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նախօրեին սկսված բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն վաղը։ Ռուսական և ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պատվիրակություններն արդեն մեկնում են Լեհաստանի և Բելառուսի սահման։

Մինչ այդ, սակայն, Ուկրաինայում մարտական գործողությունները նոր թափ են ստացել։ ՌԴ ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ Դոնեցկի շրջանում իրար են միացել Ռուսաստանի և Դոնեցկի Հանրապետության բանակները՝ ամբողջությամբ սահմանափակելով ուկրաինական զինված ուժերի ելքը դեպի Ազովի ծով։ Սա նշանակում է, որ Ուկրաինայի բանակն այլևս չի կարող օգնության հասնել Մարիուպոլի պաշտպաններին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ շուտով հարվածներ են հասցվելու Ուկրաինայի ԶՈՒ կապի հանգույցներին ու տեղեկատվական կենտրոններին։ Նպատակը՝ Ռուսաստանը տեղեկատվական ագրեսիայից պաշտպանելն է։ Ռուսական կողմը կոչ է անում նման հանգույցների մոտակայքում բնակվող ուկրաինացիներին արագ լքել իրենց տները։

Քիչ առաջ Ուկրաինայի փոխվարչապետ Ալեկսանդր Վիլկուլը հայտնել է, որ դեպի Կրիվոյ Ռոգ շարժվող ռուսական զրահատեխնիկայի մեծ շարասյուն է հայտնաբերվել։ Քաղաքում քիչ առաջ միացել են նաև օդային տագնապի ազդանշանները։ Իսկ ահա ուկրաինական մի շարք այլ քաղաքներում բնակիչները բողոքի ցույցեր են իրականացնում ռուսական զորքերի դեմ։

Ուկրաինական հայտնի «Зеркало недели» լրատվականը, հղվելով դիվանագիտական աղբյուրներին, այսօր տեղեկացրել է, որ իրենց հայտնի է դարձել բանակցություների ընթացքում ռուսական կողմի հիմնական պահանջները, որոնք են՝

Ուկրաինան Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմաններում երկու ինքնահռչակ հանրապետությունների ճանաչում, որպես մեկ անկախ պետություն,

Ուկրաինայի՝ արտադաշինքային կարգավիճակ՝ ամրագրված Սահմանադրությամբ,

Ապանացիֆիկացիա,

Ղրիմի հանդեպ պահանջատիրության վերացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում