Մարտական նռնակով զինված տղամարդը վնասազերծվել է․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, Times․am: Մարտի 2-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցում տեղակայված մաքսային տերմինալի տարածքում աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում վիճել է մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ։ Այդ ընթացքում խփել է նրանցից մեկին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վնասել է նաև տերմինալի տարածքում կայանված մեքենաներից մեկը։ Տուժած տղամարդը տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղից ժամը 20.05-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 73-ամյա մի տղամարդու։
Տեղեկությունը ստանալուն պես դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչությունից։ Մաքսային տերմինալի անվտանգության աշխատակիցների հետ վիճած 32-ամյա տղամարդու ձեռքին «Ֆ-1» տիպի նռնակ կար՝ բերված մարտական վիճակի։
Իրավապահների մեկ ժամ տևած հմուտ ու զգուշավոր աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ կանխել ողբերգությունը։ Բանակցության շնորհիվ 32-ամյա տղամարդը նռնակը նետեց տարածքից դուրս։ Նռնակը պայթեց անվտանգ վայրում՝ չվնասելով ոչ անձանց, ոչ որևէ գույք:
Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում