ՌԴ-ն հետևողականորեն սեղմում է Ուկրաինայի պաշտպանական շրջանների օղակը

ՌԴ-ն հետևողականորեն սեղմում է Ուկրաինայի պաշտպանական շրջանների օղակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: Չնայած այն հանգամանքին, որ վերջին երկու օրերի ընթացքում Ուկրաինայում տեղի ունեցող մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է (հիմնականում քաղաքներից խաղաղ բնակչության էվակուացիայով պայմանավորված), այնուամենայնիվ իրավիճակն ուկրաինական կողմի համար շարունակում է օրհասական մնալ։

Երկրի հարավում ռուսական զորքերի երկրորդ ալիքը կրկին մոտեցել է Նիկոլաև քաղաքին և պատրաստվում է գրոհել այն։ Նիկոլաևի նահանգապետ Վիտալիյ Կիմը նախօրեին հրահանգավորել է բնակչությանն անվադողեր դուրս բերել քաղաքի փողոցներ, որպեսզի անհրաժեշտ պահին այրեն դրանք և ծխածածկույթի միջոցով սահմանափակեն ռուսական զինտեխնիկայի տեսանելիության դաշտը։

Նիկոլաևից ավելի հյուսիս՝ այդ ուղղությամբ գրոհող ռուսական զորքի առաջին ալիքը շարունակում է նոր բնակավայրեր գրավել և ըստ ուկրաինական ԶՈւ պաշտոնական հաղորդագրության ընդհուպ մոտեցել Կրիվոյ Ռոգ քաղաքին։ Այստեղ նրանք գրավել են Պոլոգի բնակավայրը և, ըստ էության, լուրջ սպառնալիք դարձել ողջ Զապորոժիեի շրջանի համար։

Ուկրաինայի հարավ-արևելքում Դոնեցկի Հանրապետության և Ռուսաստանի զորքերը շարունակում են ճնշում գործադրել Մարիուպոլի և շրջակա բնակավայրերի ուղղությամբ։ Այստեղ նույնպես ուկրաինական կողմը շատ ծանր կացության մեջ է։

Անցած երկու օրերի ընթացքում Ռուսաստանը հաջողություններ է ունեցել նաև Ուկրաինայի հյուսիս-արևելքում։ Բազում տեղեկություններ կան այն մասին, որ ռուսական զորքերը մտել են Իզյում, որտեղից նրանք շարժվում են դեպի Լուգանսկի Հանրապետության զորքերին դիմակայող ուկրաինական բանակի թիկունք։

Ուկրաինայի հյուսիսային շրջաններում Ռուսաստանը շարունակում է գրեթե պաշարած պահել Խարկովն ու Պոլտավան։ Իսկ ահա Սումի քաղաքում ռուսական կողմի խնդիրները կարծես վերջնականապես լուծվել են։

Եվ վերջապես Կիևի մերձակայքում ՌԴ ԶՈՒ-ն սկսել է քաղաքի արևելյան հատվածների շրջափակումը։ Հիշեցնենք, մինչ օրս ռուսական բանակն ամրացել էր Կիևից հյուսիս-արևմուտք և արևմուտք ընկած շրջաններում։ Երեկ ողջ օրվա ընթացքում ռուսական զրահատեխնիկայի տեղաշարժ կար նաև քաղաքից արևելք ընկած հատվածներում։ Դրա մասին վկայող բազում կադրեր են հրապարակվել։ Ոկրաինայի մայրաքաղաքի պաշտպանների վիճակը բարդացել է նաև այն փաստով, որ արդեն հիշատակված Սումիի ուղղությունից նրանք այլև օգնություն չեն կարող ակնկալել։

Ամփոփելով այս ամենը՝ կարելի է պնդել, որ Ռուսաստանը դանդաղ, բայց շատ հետևողական քայլերով սեղմում է Ուկրաինայի տարբեր պաշտպանական շրջանների օղակը։ Հընթացս մարտական գործողությունների ողջ տարածքում Ռուսաստանը հրթիռային և ավիա ճշգրիտ հարվածներ է հասցնում՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում