Ադրբեջանի ԿԸՀ-ը հրաժարվել է հաստատել Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը
Նմանատիպ
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրաժարվել է հաստատել այդ երկրի ընդդիմության եւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ» դաշինքի միասնական թեկնածու, կինոռեժիսոր Ռուտամ Իբրահիմբեկովի թեկնածությունը հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում:
Ինչպես հաղորդում է վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, ԿԸՀ-ն իր այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ Իբրահիմբեկովը Ռուսաստանի քաղաքացիություն ունի եւ վերջին 10 տարիներին Ադրբեջանում մշտապես չի բնակվել: Սակայն, «Ումիդ» կուսակցության’ ԿԸՀ անդամ Իգբալ Աղազադեն հայտարարել է, որ հանձնաժողովի որոշումը հիմնավորված չէ, քանի որ դեռ ժամանակ կա եւ «Ռուսաստանի նախագահը կարող է վաղը նրան զրկել քաղաքացիությունից»: Իբրահիմբեկովը կարող է ԿԸՀ որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանում:
Ռուստամ Իբրահիմբեկովի փաստաբան, «Ազգային խորհրդի» անդամ Ֆուադ Աղաեւը «Թուրան»-ի հետ զրույցում ասել է, որ բողոքարկման համար պետք է անձամբ խորհրդակցի Իբրահիմբեկովի հետ:
Նկատի ունենալով ԿԸՀ-ի նման հնարավոր մոտեցումը, «Ազգային խորհուրդը» օրերս դաշինքի պահեստային թեկնածու էր առաջադրել Բաքվի պետական համալսարանի Եվրոպայի եւ Ամերիկայի երկրների նոր եւ նորագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր Ջամիլ Հասանլըին, ով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի թեզերի պաշտպանության գծով մասնագիտացված խորհրդի անդամ է, Ադրբեջանի նախագահին կից կրթության գծով հանձնաժողովի անդամ, 2000-2008թթ.-ին եղել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր:
Ադրբեջանի ԿԸՀ-ն այսօր նախագահի թեկնածու է հաստատել REAL այլընտրանքային հասարակական շարժման առաջնորդ Իլգա Մամեդովին, ով ձերբակալվել էր հունվարի 23-24-ին Իսմայիլլիում տեղի ունեցած հակառավարական բողոքի ակցիաներին մասնակցության անհիմն մեղադրանքներով եւ այժմ գտնվում է կալանավայրում: Այսպիսով’ ներկա դրությամբ Ադրբեջանի հաջորդ նախագահի պաշտոնի համար ԿԸՀ կողմից գրանցված թեկնածուների թիվը հասել է 16-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում