16
+18°C
Fonte de dados meteorológicos: Campo Grande 30 days weather

Չեմ կարծում, որ Բրյուսելի հանդիպմանը Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի

Չեմ կարծում, որ Բրյուսելի հանդիպմանը Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, Times․am: Չեմ կարծում, որ այսօր՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է: Սա գիտակցում են և՛ ՀՀ մեր գործընկերները, և՛ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների: Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն զարգացումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում: Իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում, որը պետք է տեղի ունենա Ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա»,- ասել է Ա. Թովմասյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Արցախում խաղաղություն չկա, կա հարաբերական լռություն, և սխալ է խոսել խաղաղության մասին, երբ պարբերաբար խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:

«Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում և այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Նախօրեին Խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս այս ուղերձներն էր պարունակում: Սակայն պետք է փաստենք, որ մեր անվտանգության համակարգում անուրանալի է ռուսական խաղաղապահ զորակազմի և, առհասարակ, Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը: Առանց դրա մենք չենք կարող դիմակայել փլուզվող աշխարհակարգի տարածաշրջանային մարտահրավերներին»,- ասել է Ա. Թովմասյանը և ընդգծել` պարտվել պատերազմում՝ դեռևս չի նշանակում պարտվել բանակցություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում